Լրահոս
Սպորտ
21:00
23.10.22
117

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Արցախում անցկացվել է ազգային ավանդական խաղերի մրցույթ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 23-ին, Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ի և  «Դիզակ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքում կազմակերպվել է  «Գուպար» խորագրով ազգային ավանդական խաղերի մրցույթ:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արդեն երրորդ անգամ կազմակերպվող ազգային ավանդական խաղերի մրցույթին մասնակցել է Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Հադրութի, Քաշաթաղի, Շուշիի և Շահումյանի շրջանները ներկայացնող 7  թիմ:

Գործակալության հետ զրույցում «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ գործադիր տնօրեն Երազիկ Հայիրյանը կարևորել է ազգային ավանդական խաղերի վերականգնմանն ու պահպանմանը  միտված այս ձևաչափը։ «Ազգային խաղերը հազարամյակների պատմություն ունեն, իսկ   Արցախում վերջին տարիներին աշխույժ ընթացք է ստացել դրանց վերականգնումն ու կիրառումը նմանատիպ միջոցառումների շրջանակներում: Պետական երիտասարդական ծրագրով  կազմակերպվող  ազգային ավանդական խաղերը մեծ ոգևորությամբ են ընդունվում մասնակիցների և հանրության կողմից: Դրանք ազգայինի պահպանման գաղափարի շուրջ երիտասարդներին համախմբելուն են ծառայում: Մասնակիցները նաև հնարավորություն են ունենում շփվել միմյանց հետ, ստեղծել միջհամայնքային կապեր և հետագա  համագործակցության հիմքեր»,- ասաց Հայիրյանը։

Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովաննիսյանի խոսքով՝ ազգային խաղերն արտացոլում են հայկական ավանդական կենցաղն ու կենսակերպը։ «Մասնավորապես՝  կոխը ռազմի խաղ է, մյուսները՝ տնտեսական այս կամ այն երևույթին են առնչվում: Այս միջոցառումը  հայրենասիրական դաստիարակության ձևերից է՝  հատկապես ներկա պամաններում, երբ մեր նյութական և  ոչ նյութական ժառանգությունը գտնվում է մեծ մարտահրավերների առջև»,- նշեց  Լեռնիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով ազգային խաղերի հանրահռչակումը  հատկապես երիտասարդների շրջանում։

Ընդհանուր առմամբ,  կազմակերպվել  4 ազգային ավանդական խաղի մրցույթ։ Առաջին տեղն է զբաղեցրել Ասկերանի շրջանի թիմը, երկրորդը` Քաշաթաղի, երրորդ տեղը Հադրութի թիմը, որոնք արժանացել են դրամական պարգևների:

Միջոցառմանը ներկա էր նաև Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը։