Լրահոս
Հասարակական
14:28
14.12.20
57

Հեռուստատեսությունը պետք է լինի այնտեղ, որտեղ երիտասարդություն է

Img default alt hy

30 տարի առաջ ամենուր, և Եվրոպական, և խորհրդային երկրներում՝ երեկոյան  ժամը 8-ին, կամ 9-ին  լուրերի ժամ էր:  Մեդիա խորհրդատու,  «BBC World Service»-ում ավագ դասընթացավար  Ժան Միշել Դյուֆրենի խոսքով,  2020-ի վիճակագրության համաձայն, 56 տոկոս հեղինակություն ունի  Ֆինլանդիայի հանրային հեռուստաընկերությունը: Եվրոպական մյուս երկրներում վիճակագրությունը հուսադրող չէ: 

 «Ընտանեկան ավանդույթների շարքից վաղուց դուրս է մղվել հեռուստացույցով միասին նստելն ու  լուրերին հետևելը: Հիմա այդպիսի բան չկա այլևս: Յուրաքանչյուր ոք այսօր  ֆեյսբուքում, ինստագրամում,  յութուբում  է  նորություններ կարդում:  Դրա համար ամենուր խառնաշփոթ է, խառնաշփոթ է հիմնական լրատվամիջոցների տեսակետից»,-ասում է հեռարձակող պրոդյուսեր Դյուֆրենը:

Նրա կարծիքով, եթե  դասական լրատվամիջոցները ուզում են կասեցնել վարկանիշային  գահավիժումը, ստիպված են  գնալ այնտեղ, որտեղ երիտասարդներն են: Նաև անհրաժեշտ է  նոր գործիքներ ունենալ՝ կեղծ նորությունների դեմ պայքարելու համար: Իսկ դրանք, սոցիալական ցանցերի, ինտերնետ տիրույթում հայտնված հարթակներում այնքան շատ են, որ դրանց դեմ հին մեթոդներով պայքարել հնարավոր չէ:

Չեխական «Մարդը՝ կարիքի մեջ» կազմակերպությունը երկու  տարի մեր երկրում աջակցում է Հանրային հեռարձակողների դերի բարձրացմանն ուղղված  ծրագրերին: Ծրագրի իրավախորհրդատու Մովսես Հակոբյանի խոսքերով, այն կառույցը, որը հանրության միջոցներն է օգտագործում, պետք է հաշվետու լինի իր յուրաքանչյուր  որոշման համար: Իրավաբանը գոհ է, որ նաև իրենց իրավական աջակցությամբ  2020 թվականի օգոստոսից ուժի մեջ է մտել «Տեսալսողական մեդիայի  մասին» ՀՀ օրենքում այն փոփոխությունները , որոնք ավելի հաշվետու և թափանցիկ են դարձնում հանրային հեռարձակողի աշխատանքը: Առաջարկները ներկայացնելիս  հաշվի են առել հանրային մեդիա ծառայությունների կառավարման մասին Եվրախորհրդի ընդունած խորհրդատվություններն ու հանձնարարականները: 

«Մեր առաջարկությամբ ընդունվեց  տարեկան պարտադիր ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ անցկացնելու պահանջը: Դա էլ է հաշվետվության բաղադրիչ մաս, թե  ինչպեՙս են ծախսվում հանրային միջոցները:  Ընդունվեց նաև մեր այն առաջարկը, որով Հանրային հեռարձակողի խորհրդի  ցանկացած որոշում պետք է  պատճառաբանված  և  հիմնավորված լինի առավել արդյունավետ աշխատանքն ապահովելու, ինչպես նաև հանրային վերահսկողությունն ավելի դյուրին դարձնելու համար:  Սա շատ կարևոր առաջարկ էր, որովհետև  թե՜ անկախ կարգավորող, թե՜ պետական մարմինները սովորաբար այդքան էլ ուրախ չեն լինում նման պահանջից, հղում անելով տվյալ հիմնավորմանը, որպես փաստարկ:  Այդպես  ապահովում ենք հավասակշռությունը անկախության և թափանցիկ աշխատանքի, ինչպես և հաշվետվողականության միջև»,-ասում է իրավաբան Մովսես Հակոբյանը:

 

 Օմբուդսմենը՝  գերագույն գլխավոր խմբագիր

Հանրային հեռարձակողների կողմից  հավասարակշռված, օբյեկտիվ  տեղեկատվություն փոխանցելու նպատակով Էստոնիայի Հանրային հեռուստաընկերությունում  արդեն 10 տարի օմբուդսմենի ինստիտուտ է ներդրվել:  Տարմու  Տամմերկը իրեն  մեդիա դատավոր է համարում, վստահեցնում է, որ նախկինում արձանագրած  բազմաթիվ  խնդիրներն այսօր  գրեթե լուծված են:

«Օմբուդսմենը կարող է դառնալ գերագույն գլխավոր խմբագիրը: Նա չեզոք միջնորդ է,  լսարանի ականջն ու աչքն  է: Լրատվական անկախության վրա չեմ կարող ազդել,  չեմ կարող լրագրողին  գործից  ազատել, հաղորդում փակել,  դա գլխավոր խմբագրի որոշելիքն է: Իսկ եթե լրագրողը անընդհատ խախտում է լրագրողական էթիկան, իմ խորհրդատվական կարծիքի հիման վրա կամ առանց դրա խմբագիրը կարող որոշել նրան նոր ուսումնական դասընթացների ուղարկել»,-ասում է  Տարմու  Տամմերկը:

Ի դեպ,  Էստոնիայի Հանրային հեռարձակողի վրա ավելի էժան է նստում օմբուդսմենին աշխատավարձ վճարելը,  քան  դատական քաշքշուկների համար բյուջեից գումար տրամադրելը:  Տամմերկը վստահեցնում է,  դժգոհություններ, վեճեր եղել են հեռուստաընկերության և հեռուստադիտողի միջև, սակայն գործը դատարան չի հասել. իր միջնորդությամբ խնդիրները շատ արագ լուծվել են:

Մեր Հանրային հեռուստաընկերությունում  օմբուդսմենի ինստիտուտ ներդնելու օրենսդրական առաջարկ  նախկինում շրջանառվել է: Ինչ-ինչ պատճառով օրենքում դա չի  ամրագրվել, բայց  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Արմեն Մկրտչյանի խոսքով,  այսօր օրենսդրական որևէ խոչընդոտ չկա: Հանրային Հեռուստաընկերության խորհուրդի  որոշելիքն է, կարող է մեկ տարով օմբուդսմեն ունենալ:

 «Գուցե  օմբուդսմենի ինստիտուտը իրեն արդարացնի,  գուցե պարզվի, որ դա ավելորդ մարմինն է, կույրաղիք, և օմբուդսմենի գործառույթը շատ լավ անում է  նամակների բաժինը կամ լրատվական ծառայությունների կայքը, քանի որ այդտեղ միշտ ինտերակտիվ շփում կա  հեռուստադիտողի հետ և այդ ազդակները ստանում է»,-ասում է Արմեն Մկրտչյանը:

Նա կարևորում է հատկապես Հանրային հեռարձակողին առավել անկախություն տալուն ուղղված քայլերը:  Ամենալավ չափորոշիչներին դեռ չենք հասել, բայց այդ ճանապարհին ենք. ասում է ՀՌԱՀ անդամը, առաջարկում,  որ ֆինանսական կայունությունը կարելի է ապահովվել, օրինակ ՝ ակցիզային հարկի վճարմամբ:

«Եթե հեռուստադիտողը հստակ համոզված լինի, որ տարեկան  իր վճարած հազար դրամը կօգնի  օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու գործին,  դեմ չի լինի գումար վճարել:  Դրանք մեխանիզմներ են, որոնք մասնագետները կվերլուծեն ու կգան եզրակացության»,- Արմեն Մկրտչյանը:

Չնայած  աշխարհի տարբեր երկրներում մարդիկ հեռարձակող ընկերություններին վճարում  են օբյեկտիվ տեղեկատվություն  ստանալու համար, իրավախորհրդատու Մովսես Հակոբյանի կարծիքով,  այս պահին մեր հանրությունը դեռ պատրաստ չէ դրան:

Քանի դեռ այդ քայլին չենք հասել, չեխական «Մարդը՝ կարիքի  մեջ» ծրագրի իրավական խորհրդատու Մովսես Հակոբյանը կարևոր քայլ է համարում «Տեսալսողական մեդիայի  մասին» ՀՀ օրենքում իրենց այն առաջարկի ամրագրումը, որի համաձայն,  Հանրային հեռարձակողին տարեկան բյուջեն կապվում է նախորդ տարվա բյուջեի հետ, որով այն չի կարող պակաս լինել նախորդ տարվա բյուջետային ֆինանսավորման չափից:

Մասնագետի կարծիքով, այս դրույթի ամրագրումը թույլ է տալիս Հանրային հեռարձակողին երկարաժամկետ՝  5-6 տարվա կտրվածքով  պլանավորել ֆինանսական,  ծրագրային քաղաքականությունը:

Կարինե Մանգասարյան