Լրահոս
Հասարակական
16:00
15.01.26
1 008

Հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար. գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստր

Img default alt hy

Սիրելի ընկերներ, ծանոթ ու անծանոթ բարեկամներ, անսահման երախտապարտ եմ ճակատագրին, որ իմ կյանքի ճանապարհին ունեմ ձեզ։ Ձեր սերն ու աջակցությունն էին, որ լուսավորեցին խավար դարձած օրերս և ուժ տվեցին հասնելու այս լուսավոր պահին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ ներել, որ այս պահին չեմ կարողանում պատասխանել ձեր ուղարկած հարյուրավոր նամակներին։ Խոստանում եմ՝ յուրաքանչյուր բառ կկարդամ անձամբ, հայրիկիս կողքին նստած, և յուրաքանչյուրիդ կպատասխանեմ անհատապես։

Ուզում եմ տեղեկացնել, որ հայրիկիս առողջական վիճակը այս պահին գնահատվում է բավարար։ Նա ևս իր խորին շնորհակալությունն ու ջերմ բարևներն է փոխանցում ձեզ բոլորիդ։

Երանի ինձ՝ ձեզ ունենալու համար»։

Ավելի վաղ գրել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր. «Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան»։