Լրահոս
Հայաստան
15:15
29.01.22
184

«Հայփոստը» մտադիր է վերանայել նամակների և ծանրոցների առաքման գները

Img default alt hy

«Հայփոստ» ընկերությունը մտադիր է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագները վերանայել։

«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ընկերության մամուլի ծառայությունից` նշելով, որ հունվարի 13-ին հայտ են ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։
ՀԾԿՀ կայքից տեղեկանում ենք, որ գնային փոփոխություններ են լինելու նամակագրական թղթակցության և մինչև 20 կգ ծանրոցների առաքման սակագների դեպքում։

Օրինակ, մինչև 20 և 21-100 գ քաշով հասարակ նամակի ներկայիս սակագինը 230 դրամ է, սակայն առաջարկվում է այն բարձրացնել՝ դարձնելով 520 դրամ, 101-250 գ նամակի գործող գինը 410 դրամ է, այն առաջարկվում է բարձրացնել՝ հասցնելով 560 դրամ:

Նախատեսվում են նաև գնիջեցման փոփոխություններ` 501գրամից մինչև 1կգ քաշով նամակի արժեքը 1260 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է այն նվազեցնել՝ դարձնելով 1100 դրամ, իսկ 1կգ 100գ –ից 2կգ քաշով նամակները 1860 դրամից դարձնել 1600 դրամ:

Մինչև 1 կգ ծանրոցի առաքումը ներկայում արժի 1100 դրամ, սակայն առաջարկվում է գինը նվազեցնել մինչև 900 դրամ, իսկ 1 կգ 100 գրամից 20 կգ գրամ քաշով ծանրոցները 200-ից դարձնել 100 դրամ։ Յուրաքանչյուր լրիվ ու ոչ լրիվ 1 կգ–ի համար սահմանվում է լրացուցիչ վճար։

1կգ 100գ –ից 2կգ քաշով ծանրոցների առաքման համար «Հայփոստն» առաջարկում է 1300 դրամից սակագինն իջեցնել 1000 դրամի, 7 կգ 100 գ-ից 8 կգ քաշի դեպքում ներկայում գործում է 2500 դրամ սակագինը, սակայն այն կարող է նվազել մինչև 1600 դրամ։

«Հայփոստն» առաջարկում է բարձրացնել նաև դեպի գյուղական համայնքներ պաշտոնական պարբերականների առաքման ծառայության սակագինը։ Ներկայում այս ծառայության գործող 38 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է սահմանել 175 դրամ:

Այլ ունիվերսալ ծառայությունների պարագայում (կույրերի փաթեթներն ու ՀՀ ՊՆ զորամասերի հասցեներով և զորամասերից ուղարկվող փոստային բացիկները, հասարակ նամակը տարածքում, զորամասերից զորակոչիկների քաղաքացիական հագուստ պարունակող հասարակ ծանրոցները) ինչպես եղել են անվճար, այդպես էլ կմնան։

ՀԾԿՀ մամուլի ծառայությունից էլ «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնեցլ են, որ իրենք կարող են կարգավորել միայն փոստային ունիվերսալ ծառայությունների սակագները։