Լրահոս
Հայաստան
13:11
17.02.22
212

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը

Img default alt hy

Հայաստանը և Բրազիլիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. փետրվարի 17-ին:  Հայաստանը գործընկերային և կառուցողական հարաբերություններ ունի Բրազիլիայի հետ, որն իր ՀՆԱ-ով, ըստ ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տվյալների, աշխարհի առաջին 10 պետությունների թվում է:  

1998 թ. մարտից բրազիլական ամենամեծ քաղաքում՝ Սան Պաուլոյում գործում էր ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2011 թվականին Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բրազիլիայում հիմնադրվել է ՀՀ դեսպանությունը: Բրազիլիայի դեսպանությունը Հայաստանում գործում է 2006 թ. օգոստոսից:

30 տարվա ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է 8 համաձայնագիր, որոնցից առաջինը 2002 թ. մայիսի 7-ին ստորագրված համաձայնագիրն է Հայաստանի Հանրապետության կառավարության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին: Նույն օրը Հայաստանի և Բրազիլիայի նախագահներն ընդունել են համատեղ հայտարարություն: 

Հավելենք, որ Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: 2015 թ. մայիսի 27-ին Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած № 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը: