Լրահոս
Քաղաքական
14:49
10.10.22
104

Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյան

Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլև քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք:  Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան: Սիմոնյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում ունի: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ և արդյունավետ: «Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման և մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին և Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին:

Նշենք, որ եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: