Լրահոս
Հասարակական
17:42
06.06.22
500

Գյումրեցի Պապոյանները եռյակ են ունեցել՝ Դանիելը, Մաքսը և Ալենը

Img default alt hy

Դանիել, Մաքս, Ալեն. գյումրեցի Պապոյանների ընթանիքում հունիսի 4-ին 3  տղա երեխա է ծնվել:  3-րդ հղիության լուրն իմանալուց հետո 31 ամյա կինն ու  ընտանիքը սպասում էին տղա երեխայի, բայց պատկերացնել անգամ չէին կարող, որ եռյակ  են ունենալու։

«Հղիության երկրորդ ամսում իմացանք, որ եռյակ է, Ջավախքից վերադարձանք Գյումրի այստեղ բժիշկների վերահսկողության տակ լինելու համար, բարդություններ կային, բայց,  բարեբախտաբար, հաղթահարեցինք։ Մեկ աղջիկ ունեմ և մեկ տղա, սակայն հիմա լրիվ այլ զգացողություններ են»,- «ArmDaily.am»-ի հետ զրույցում ասել է Զինա Ավետիսյանը։

Ծննդկանը հայտնել է, որ  նորածինների անունները որոշել  են աղջիկն ու տղան. որդիներն իրար նման են, բայց մայրն արդեն յուրաքանչյուրին յուրովի է սիրում և տարբերում միմյանցից: 

«Մաքսը ավելի տարբերվող է, սակայն յուրաքանչյուրն իր տեղն ունի։ Չգիտեմ հետո ինչ կլինի, բայց հիմա ուզում եմ, որ զավակներս մեծանան խաղաղ ու անհոգ»,- ասել է փոքրիկների մայրիկը։  

ՀՕՄ-ի Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանն էլ «ArmDaily.am»-ին հայտնել է, որ երեխաները 48 սմ հասակով են՝ 1900,1600, 1800 գրամ քաշով. սա համապատասխանում է հղիության ժամկետին,  նորածիններին կյուվեզային ռեժիմում պահելու կարիք գրեթե չի զգացվել:

«32-րդ շաբաթականից կարիք ենք զգացել ստացիոնար բուժում ապահովվելու, փորձեցինք բնական ճանապարհով ծննդաբերություն ապահովել, սակայն պտուղների դիրքով պայմանավորված չստացվեց։ Ամեն դեպքում մայրն ու զավակները ֆիզիկապես լավ են, մնում է, որ հոգեբանական աջակցություն ունենա ընտանիքը, 3 երեխային բարդ կլինի մեծացնել»,- նշել է Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի փոխտնօրենը։

Իսկ եռյակ լույս աշխարհ բերած Զինան ավագ որդու ու նորածինների հետ սպասում է ամուսնու և դստեր վերադարձին Ջավախքից, նրանք այսուհետև կապրեն Գյումրիում:  

Զինան ասում է՝ 5 երեխա մեծացնելը բարդ է լինելու, սակայն ամեն ինչ անելու են զավակների համար:

«Անսովոր է, քանի որ եռյակ են, բայց հպարտ ենք, որ հայրենիքին ևս 3 ապագա զինվոր ենք տվել»,- նշում է նա:  

Մայրն ու որդիները, ամենայն հավանականությամբ, դուրս կգրվեն վաղը: