Լրահոս
Իրավական
17:05
21.10.22
80

Գուրգեն Արսենյանի որդին, ով դատապարտվել էր հոր տնից 20 հզր․ դրամ հափշտակելու համար, ազատ է արձակվել. «Tert.am»

Img default alt hy

«Tert.am»-ը գրում է.

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը, պատժի կրումից վաղաժամկետ ազատ է արձակվել։

Այս մասին «Tert.am»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Քրեակատարողական ծառայությունից։

Գուրգեն Գուրգենի Արսենյանի պատժի կրման ժամկետն ավարտվելու էր 2022-ի սեպտեմբերի 9-ին, այնինչ, նախկինում դատվածություն ունեցող կրտսեր Արսենյանին պատժի կրումից ազատ են արձակել վաղաժամկետ․ «Գուրգեն Գուրգենի Արսենյանը պատժի կրումից ազատվել է վաղաժամկետ՝ 2022 թվականի հունիսի 6-ին»։

«Tert.am»-ը հայտնում է, որ նա կալանավորվել էր հոր տնից 20000 դրամի հափշտակության գործով։ Նշենք, որ սա Գուրգեն Արսենյանի երկրորդ դատվածությունն է․ Գուրգեն Արսենյանը դատապարտվել էր նաև այն բանի համար, որ  2016թ-ին Երևանի «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել էր խուլիգանություն։ Նա դատապարտվել էր չորս տարվա ազատազրկման, նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանել էր փորձաշրջան 2 տարի ժամկետով, որից էլ համաներմամբ ազատ էր արձակվել 2018-ի դեկտմբերին։

Ինչ վերաբերում է այս գործին՝ 20000 դրամ տնից հափշտակելուն, ապա Գուրգեն Գուգենի Արսենյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա ավազակությամբ իր հոր՝ Արաբկիր վարչական շրջանի 38-րդ փողոցի 7-րդ առանձնատան խոհարարուհի Տոնյա Մանուկյանից գումար հափշտակելու դիտավորությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին, գնացել էր նշված բնակարան, դանակով սպառնացել, վնասել հոր համար թանկ համարվող պատի նկարներն և պահանջել իրեն տալ դրամապանակում եղած ամբողջ գումարը։ Հափշտակել էր 20000 դրամ  և լսելով  հոր ոտնաձայները, ձեռքին բռնած դանակները գցել էր գետնին և դիմել փախուստի:

Դատաքննությամբ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Գուրգեն Գուրգենի Արսենյանն իրեն մեղավոր չէր ճանաչել և ցուցմունք էր տվել հոր հետ վատ հարաբերություններ ունենալու մասին։ Ցուցմունքում ասել է․ «Տարիներ շարունակ վատ հարաբերությունների մեջ է գտնվել հոր հետ, ում հետ կոնֆլիկտը պայմանավորված է, որ նրան դուր չի գալիս իր ապրելակերպը, իսկ ինքը չի ցանկանում նրա թելադրանքով ապրել իր կյանքը: Ինքն ուզում է ազատ ապրել, հանդիմանում է հորը և պայքարում՝ չկորցնելով իր սկզբունքայնությունը:

Դրանով պայմանավորված՝ ինքը վերջին մի քանի տարիներին առանձին է ապրել իր հորից, իր առանձին բնակարանում, զբաղվել է երաժշտությամբ և գումար է աշխատել, սակայն չի բավականացրել իր առօրյա ծախսերը հոգալու համար, այդ իսկ պատճառով դիմել է նրա օգնությանը, ով երբեմն իրեն պատժելու և իր նկատմամբ ճնշում գործադրելու համար գումար չի տվել: Եղել են դեպքեր, որ նա գումարը տվել է նրա տան տնտեսուհի Տոնյային, իսկ վերջինս գումարը փոխանցել է իրեն կամ հայտնել, որ հայրը հրաժարվել է գումար տալ իրեն կամ իր պատկերացրածից կամ պահանջածից էապես քիչ է հատկացրել:

Այդ իսկ պատճառով վեճեր են եղել իր և Տոնյայի միջև, և այո՛, ինքն այդ ընթացքում իր հոր տանը նաև գույքեր է վնասել, կոտրել,այդ թվում նաև իր հոր համար շատ կարևոր նկարները: Նպատակը եղել է ճնշում գործադրելով գումար ստանալը։ Դեպքի օրն իրեն գումար է անհրաժեշտ եղել, սակայն դրանից մի քանի օր առաջ հերթական կոնֆլիկտն է ունեցել հոր հետ և գիտեր, որ նա հաստատ իրեն փոխանցելու համար գումար չի տվել, սակայն տան առօրյա հոգսերը հոգալու համար գումար է տվել Տոնյային»:

Տուժող Տոնյա Մանուկյանը ցուցմունքում հայտնել է այն մասին, որ տվյալ տարում ՝ 2020-ին, արդեն 25 տարի է աշխատում է Գուրգեն Բաբկենի Արսենյանի տանը, Գուրգենն իր պահած երեխան է: Մի քանի տարի է, ինչ նրա մոտ ագրեսիվություն է նկատել, մասնավորապես՝ մոտ 7 տարի։

Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված  փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Գուրգեն Գուրգենի Արսենյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, այլ նա հանդիսացել է հիստերիկ տիպի շեշտված անձնավորություն: Ըստ բուժփաստաթղթերի՝ 2019թ-ին նրա մոտ ախտորոշվել է «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով»:

Ուստի՝ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ Գուրգեն Գուրգենի Արսենյանը ճանաչվել էր մեղսունակ։

Գուրգեն Գուրգենի Արսենյանը այդ թվականի փորձաքննության տվյալներով տառապել է F19.2 ախտորոշմամբ, ուստի՝ ունեցել է հարկադիր բուժման կարիք, ինչի համար հակացուցումներ չունի:

Դատարանը, Գուրգեն Արսենյանի մեղադրանքը վերաորակավորել է և  մեղավոր ճանաչել 2020-ի  գործող ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

Պատժի սկիզբը եղել է 2020 թվականի սեպտեմեբրի 9-ը, այսինքն պատժի կրում ավարտվում էր ս․թ․սեպտեմբերի 9-ին։ Պատժի հետ մեկտեղ,ըստ ազատազրկումը կրելու վայրի,Գուրգեն Գուրգենի Արսենյանի նկատմամբ նշանակված է եղել նաև հարկադիր բուժում թմրամոլության դեմ»: