Լրահոս
Հասարակական
16:18
20.01.26
335

«Գնա, ուրիշ եկեղեցի ման արի»․ Տեր Հարությունը՝ Մասյացոտն թեմի քահանաների նկատմամբ ճնշումների մասին․ 24News

Img default alt hy

Մենք եկեղեցական կարգ ու կանոնից ներս ենք մնում՝ հստակ, պարզ, շիտակ։ Իրենք են հանդիպում, փորձում են տարբեր կերպերով, այսպես ասած՝ վախեցնել, զգուշացնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ահազանգեց Մասյացոտն թեմի Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հակոբյանը՝ անդրադառնալով թեմի քահանաներին տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով ուղղորդելուն՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը։

«Բոլորին էլ հանդիպում են, ովքեր կողմնորոշում են հայտնել, գործում են եկեղեցական կարգ ու կանոնից, եկեղեցաբանությունից ներս։ Պաշտոնյաների միջոցով են կապ հաստատում, չեմ ուզում դեռևս անվանական մատնանշել, աշխարհական, ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաներ են։ Կոնկրետ ինձ ասել են՝ գնա քեզ ուրիշ եկեղեցի ման արի, էնտեղ կսպասավորես։ Մենք էլ պատասխանել ենք, որ դա հոգևոր իշխանության հարց է, մեզ նշանակել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, և եթե լինի նման որոշում, սիրով ենթակա ենք։ Վերջում էլ պատասխանել ենք՝ ինչ-որ անելու եք, հանգիստ կարող եք գնալ, անել»,– մանրամասնեց քահանան։

Հարցին, իսկ ինչպիսի՞ն են եղել իր և թեմի նախկին առաջնորդ Գևորգ սրբազանի հարաբերությունները մինչև Նիկոլ Փաշինյանին միանալը, Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվն ասաց․

«Թեմի առաջնորդ–թեմի քահանա հարաբերություններ են եղել, փորձելով, աշխարհիկ լեզվով ասած, աշխատանքային, բայց հոգևոր մեր ծառայությունը լի ու լի իրականացնել։ Դրանից հետո կապ չեմ ունեցել բացարձակապես։ Ես վերջին անգամ կապ ունեցել եմ իր հետ, երբ պետք է գար պատարագի»։

Քահանան նաև նշեց, որ ընդհանրապես վախեցած չեն և ոչ էլ մեկուսացած, շարունակում են իրենց բնականոն գործունեությունը։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Մասյացոտն թեմը հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր․

«Երեկվանից Մասյացոտն թեմի մի շարք քահանաների հետ կապ են հաստատել տարբեր անձինք, այդ թվում՝ համայնքապետարանների աշխատակիցներ, ինչպես նաև քահանաների շրջապատին մոտ և ազդեցիկ համարվող անհատներ։ Վերջիններս փորձել են տարբեր եղանակներով՝ բարեկամական հորդորների, ծառայողական առավել բարվոք պայմաններ ապահովելու առաջարկների, ինչպես նաև սպառնալիքների կամ ճնշման միջոցով, ուղղորդել քահանաներին՝ միանալու թեմի նախկին առաջնորդին և ընդունելու նրա առաջնորդական իշխանությունը․․․»։