Լրահոս
Հայաստան
19:14
16.02.22
2 257

Գարիկ Սարգսյանը խախտել է օրենքը․ ով և ինչպես է նշանակվել Շաղափի համայնքապետ

Արարատի մարզի նախկին մարզպետ, այժմ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը տարեսկզբին նոր պաշտոնը ստանձնելուց հետո միանգամից ազատվեց իր հրաժարականը պահանջած համայնքապետերից և Վեդի խոշորացված համայնքի 16 գյուղերում վարչական նոր ղեկավարներ նշանակեց։  

Այս մասին գրում է 168.am-ը և մանրամասնում․

«Սարգսյանի նույն որոշմամբ Շաղափ համայնքի վարչական ղեկավար է նշանակվել Մարո Առաքելյանը։  Վեդի համայնքի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շաղափում վարչական ղեկավարի նշանակումը խախտումով է եղել. նա չունի բարձրագույն կրթություն։   «Մեր բնակչության թիվը 1000-ից ավելի է, իսկ 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղերում վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, սակայն Գարիկ Սարգսյանն այդ պաշտոնում նշանակել է Ջերմուկ քաղաքի քույրականն ավարտած Մարո Առաքելյանին․․․»,- ասաց մեր զրուցակիցը։    

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 168.am-ի հետ զրույցում ևս ասաց, որ 1000-ից ավելի բնակչություն ունեցող բնակավայրում վարչական ղեկավարը պարտադիր պետք է բարձրագույն կրթություն ունենա․ «Դա օրենսդրությամբ է սահմանված՝ մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքում կարող է և բարձրագույն կրթություն չունենալ, իսկ 1000+1-ի դեպքում արդեն բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Տվյալ պարագայում, եթե Շաղափում բնակչության թիվը 1000-ից ավելի է, ապա այդ նշանակումն օրենքի խախտումով է եղել։ Նախկինում այդ շեմը 500 էր, բայց անցած տարեվերջին օրենքում փոփոխություններ արվեցին, և բնակչության թիվը դարձվեց 1000»։ 

168.am-ը կապ հաստատեց Շաղափի վարչական ղեկավար Մարո Առաքելյանի հետ, նախ փորձեցինք ճշտել Շաղափի բնակչության թիվն այս պահի դրությամբ, ապա հարցնել, թե արդյոք նա ունի՞ բարձրագույն կրթություն, սակայն Առաքելյանն առաջին հարցը լսելուց հետո այսպես պատասխանեց.  «Ես էս պահին զբաղված եմ, ձեզ կզանգեմ, հա՞։ Ես էս պահին բանկում եմ, չեմ կարա պատասխանել, հես ա վերջացնեմ, կզանգեմ»: Ապա Առաքելյանն անջատեց հեռախոսը։ Զանգը 12։14 րոպեին էինք կատարել՝ աշխատանքային ժամին, սակայն 3 ժամից ավելի սպասելուց հետո Առաքելյանն այդպես էլ չզանգահարեց, ուստի կրկին զանգահարեցինք Առաքելյանին, սակայն նա այլևս չպատասխանեց մեր զանգերին։  

Խնդրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վեդիի համայնքապետարանից, սակայն համայնքապետարանի աշխատակիցը մեզ այսպես պատասխանեց․  «Պարոն Սարգսյանի անունից եմ ասում՝ Ձեր լրատվականի հետ ցանկություն չունենք աշխատել»։ Աշխատակիցը պարոն Սարգսյան ասելով՝ նկատի ուներ Արարատի նախկին մարզպետ, այսօր արդեն Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանին»,- գրում է 168-ը։