Լրահոս
Հայաստան
10:57
10.02.22
114

Ես՝ ուր, պոպուլիզմը՝ ուր, դուք չգիտե՞ք՝ պոպուլիզմի հիմնադիրներն ովքեր են․ Աղվան Վարդանյան

Img default alt hy

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը նախագիծ էր ներկայացրել՝ առաջարկելով բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ 68 հազարից դարձնելով 100 հազար, քանի որ նվազագույն սպառողական զամբյուղը՝ այս գնաճի պայմաններում, 73 հազար 400 դրամ է։ 

Բայց ՔՊ-ն մերժեց այն՝ համարելով, որ ընդդիմության նախագիծը հիմնավորված չէ։ Աղվան Վարդանյանը «Հրապարակ» օրաթերթին ասել է, որ նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019 թվականին, 55 հազարից դարձավ 68 հազար դրամ, բայց այս ընթացքում գնաճը, նաև հոսանքի, ջրի, առաջիկայում՝ գազի գնի աճը խնդիրներ են առաջացնելու այն քաղաքացիների համար, որոնք նվազագույն աշխատավարձով են ապրում։

«Ժամանակին եղել են տարիներ, երբ նվազագույն աշխատավարձը բարձրացել է մինչև 250-260 տոկոսով։ Երեկ ՔՊ-ական պատգամավորներից մի տղա ասում էր՝ երբ որ պարոն Վարդանյանը նախարար էր, նվազագույն աշխատավարձը բարձրանում էր 1000-2000 դրամով։ Քանի որ նման մարդկանց համար սուտ ասելը ձեռքերը չլվանալու նման բան է, պիտի ուղղակի վկայակոչեմ, որ պարոն Վարդանյանի՝ նախարար եղած ժամանակ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 600 տոկոսով։

Այս իշխանության չորս տարիների ընթացքում բարձրացել է ընդամենը մեկ անգամ, այն էլ՝ 24 տոկոսով։ Այսինքն՝ այն ժամանակ միջին տարեկանը բարձրանում էր 120 տոկոսով, այստեղ միջին տարեկանը բարձրացել է 6 տոկոսով»։

-Բայց այն ժամանակ աշխատավարձը կարող է, ասենք, 8 հազար դրամ էր, ու դարձրել եք 13 հազար դրամ՝ համարելով, որ կրկնակի բարձրացել է։ Այսինքն՝ անվանական առումով դա բան չի փոխում։

-Խոսքն ինչի մասին է․ այն ժամանակ միջին կենսաթոշակը շատ ավելի փոքր էր՝ ընդամենը 6 հազար դրամ, այնպես որ, Ձեր առարկությունը կամ դրա փորձը, կարծում եմ, տեղին չէ։ Փաստը հետևյալն է․ այն ժամանակ՝ 600 տոկոս, հիմա՝ 4 տարում՝ 24 տոկոս։ Այսինքն՝ տարեկան միջինը 120 տոկոս, հիմա՝ 6 տոկոս։ Եվ ավելին ասեմ․ եթե կառավարությունն իր ծրագրով նախատեսել է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, ապա միջինը տարեկան կլինի 4 տոկոս։

Որ սա անհրաժեշտություն է՝ փաստ է, կառավարությունն ունի իր բացատրությունը, բայց երբ որ այս նույն կառավարությունը 2019 թ․ 55 հազարը դարձնում էր 68 հազար, այն ժամանակ հիմնավորման մեջ այդ բոլոր առարկությունների հակառակն էր բերել, որ սա ռիսկեր ունի և այլն, և այլն։ Մերժեցին՝ բարի, ես խնդիր չեմ տեսնում։ Մեկ ուրիշ բան էլ ասեմ․ պատգամավորներից մեկն ասել էր, որ այս թանկացումները շատ ավելի ազդում են բարձր աշխատավարձ ստացողների վրա։ Գիտե՞ք, մարդիկ մոռանում են՝ ժամանակին իրենք ինչեր են ասել։

Դուք վաղուց եք Ազգային ժողովում, կհիշեք՝ նախկին պատգամավորներից մեկը ժամանակին մի արտահայտություն էր թույլ տվել, որ թանկացումները շատ չեն ազդում աղքատների վրա, որովհետև նրանք հիմնականում նույն սննդամթերքն են օգտագործում (կարտոֆիլ՝ Վ․ Մ․), և կհիշեք՝ ինչ աղմուկ էր, ինչ հարձակում, ամիսներով այդ մարդու հասցեին ինչ ասես՝ ասում էին։

Հիմա այս մյուս պատգամավորը, որ կարծես թե գրագետ պատգամավոր էր, նույն բանը կրկնում է։ Նույն պատգամավորը մեկ ուրիշ բան էլ էր ասել, ասել էր՝ դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով։ Մենք ո՞ր դժոխքի մասին ենք խոսում, ա՞յս դժոխքի, այսօրվա հայաստանյա՞ն դժոխքի մասին՝ այդ բոլոր ավերումների, կորուստների, աղքատության և այլնի մասին։ Այսինքն՝ խոսքն ինչի՞ մասին է, այս քաղաքական ուժը եկել է ամենաբարի ցանկություններով, չէ՞, հիշում եք իրենց ցանկությունները, խոստումները, և, փաստորեն, ճիշտ է ասում՝ ուղի են հարթել դեպի դժոխք։

Բաց ես խնդիր չեմ տեսնում, իմ ելույթի ժամանակ էլ կարճ ասացի, որ պատրաստ եմ կառուցողական աշխատանքի, շատ շուտով օրենքի նախագիծն ավելի լրամշակված և որոշ առաջարկություններով նորից կդրվի շրջանառության մեջ, և հույս ունեմ, որ այս անգամ շատ ավելի ողջամիտ կգտնվի քաղաքական ուժը։

-Բաբկեն Թունյանը, որն ասում է՝ ձեր նախաձեռնությունն ընդամենը բարի ցանկությունների շարքից է, ասում է՝ գնացեք կարդացեք նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որում նա քննադատում էր նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դարձնելու որոշումը՝ համարելով, որ այն ռիսկեր է պարունակում։

-Ես, կարծեմ, Ձեր հարցին պատասխանեցի՝ նույն, ամենաբարի ցանկություններով մեզ այս քաղաքական ուժը բերել հասցրել է այս դժոխային վիճակին, ու նաև ասացի, որ իրենք էլ, երբ բերել էին օրենքի նախագիծ՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու, բերում էին բոլորովին հակառակ հիմնավորումները, քան թե այսօր են բերում։

-Եթե Դուք լինեիք իշխանության, այս ամենը կկարողանայի՞ք հիմնավորել, և ֆինանսների նախարարը, օրինակ, կողմ կլինե՞ր նվազագույն աշխատավարձի նման կտրուկ բարձրացմանը։

-Ես ասացի, որ իմ՝ կառավարությունում աշխատած ժամանակ եղել է, որ 260 տոկոսով մեկ տարում բարձրացել են կենսաթոշակները։ Նախ, ես ինձ միշտ իշխանություն եմ համարել և երբեք տարբերությւոն չեմ դրել։ Եթե դու աշխատում ես՝ Ազգային ժողովի պատգամավոր ես, ուրեմն իշխանություն ես։ Իրենցից շատերը կարող է դեռ մնացել են ընդդիմադիր կարգավիճակի մեջ, բայց եթե մենք ունենանք պրոֆեսիոնալ, սոլիդ կառավարություն, կունենանք նույն այն ցուցանիշները, ինչ ունեցել ենք ժամանակին, ոչ թե այն, ինչ այսօր մեզ հրամցնում են։

-Կհիշեցնե՞ք՝ կոնկրետ կենսաթոշակը կամ նվազագույն աշխատավարձը Ձեր ժամանակ որքան էր և որքան է դարձել՝ անվանական արժեքով, ոչ թե տոկոսային։

-2003 թվականին նվազագույն աշխատավարձը 5 հազար դրամ էր և դարձել է միանգամից 13 հազար դրամ։ Միջին կենսաթոշակը մոտ 6 հազար դրամ էր, 2008-ին՝ 30 հազար․ 6 անգամ է աճել։ Ձեր համեմատությունը, ես կարծում եմ, հիմնավոր չէ՝ անվանական արժեքը, գնողունակությունը և այլն․․․ Մենք խոսում ենք տվյալ ժամանակի ցուցանիշների մասին։

-Ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ընդդիմությունը քննադատում էր, թե ինչու է նվազագույն աշխատավարձն այդքան ցածր, պետք է բարձրացնել, իշխանությունն ընդդիմությանը մեղադրում էր պոպուլիզմի մեջ, որ առանց հաշվարկ անելու՝ պահանջում են աշխատավարձ բարձրացնել։ Հիմա ձեզ կարող են մեղադրել պոպուլիզմի մեջ։

-Նախորդ իշխանության նույն տարիներին ես ասացի՝ մինչև 2003 թվականը 5 հազար դրամ էր, 2003-ից հետո՝ 13 հազար, իսկ մինչ այս իշխանության գալը՝ 55 հազար դրամ։ Հիմա հաշվեք՝ քանի անգամ է բարձրացել։ Այո, այստեղ խնդիրներ կան, բայց կան նաև հիմնավորումներ, թե ինչու է անհրաժեշտ բարձրացնել։ Եվ այս իշխանությունն ընդդիմության ցանկացած նախաձեռնություն փորձելու է որակել որպես պոպուլիզմ։ Բայց ես՝ ո՜ւր, պոպուլիզմը՝ ուր։ Դուք չգիտե՞ք՝ պոպուլիզմի հիմնադիրները, պոպուլիզմով աշխատողներն ովքեր են։