Լրահոս
Հասարակական
20:12
10.02.23
203

«Երեխաներին հանելուց առաջ թող նկարեին, հասկանայինք՝ ինչ դիրքում են եղել». հրդեհից զոհված Հայկ Կիրակոսյանի հայր․ «News.am»

Img default alt hy

«News.am»-ը գրում է․

«Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը չի հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ հրդեհն անփութության հետևանք է եղել։

Զոհված զինծառայողի հայրը News.am-ի հետ զրույցում անդրադառնալով զինծառայողների՝ ննջասենյակի տարբեր հատվածներում հայտնաբերելու մասին Դատախազության հայտարարությանը, ասաց.

«Ինձ համար իրենց խոսքն արժեք չունի: Ես մի քիչ հավատում եմ տեղերում պառկած լինելուն, որովհետև եթե իրենք ոտքի վրա լինեին կգտնեին ելք կացարանից դուրս գալու համար»:

Գաբրիել Կիրակոսյանը շեշտեց, որ հավատում է միայն փաստերին.

«Եթե երեխաներին իրենք այդտեղից հանում էին, ո՞վ է այդ հրամանը տվել երեխաներին հանելու, թող հանելուց առաջ երեխաներին տեսանկարահանեին, որպեսզի այս հակասական հայտարարությունները չլիներ, հասկանայինք՝ երեխաներն ինչ դիրքում են եղել»:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3-ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են 4 զինվորական, որոնցից երկուսը կալանքի տակ են, մեկը՝ դեպքից տուժել է և բուժումը ստանում է հիվանդանոցում, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց ՝ ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ 19-ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24-ին կլրանար նրա ծառայության մեկ տարին»։