Լրահոս
Հասարակական
19:45
29.05.25
145

Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող կայանատեղիի հսկիչը իրեն վստահված «Nissan Tiida»-ով բախվել է «Opel»-ին, ապա հաստաբուն ծառին և երկաթե ճաղավանդակին

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում Երևանի բնակիչ 41-ամյա Աշոտ Ն․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Opel» մակնիշի ավտոմեքենային, արմատախիլ արել ծառը և բախվել երկաթե ճաղավանդակին, հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Ջեմմա Ա․-ին, ով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողներին ու պարեկներին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:25-ի սահմաններում Երևան քաղաքի Խորենացի փողոցի 26 հասցեի մոտակայքում կայանել է իրեն պատկանող «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան և մեքենայի բանալիները վստահել կայանատեղին սպասարկող անհայտ անձին, ով էլ վստահությունը չարաշահելու միջոցով նույն օրը ավտոմեքենայով վթարի է ենթարկվել։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Աշոտ Ն․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ պարզվում է վթարի հետևանքով վնասված «Opel»-ի վարորդի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել ոչ սթափ (խմած)։