Լրահոս
Հայաստան
16:45
18.02.22
267

Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովներից մեկի հերթական նիստը

Img default alt hy

Փետրվարի 18-ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների համակարգող առցանց հանդիպումը, որը վարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

ԱԺ-ից հայտնում են, որ առցանց հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության ներկայացուցիչները:

Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով` քանի որ ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանների ձևաչափը չի նախատեսում բանաձևերի քվեարկություն կամ որևէ զեկույցի ընդունում, այսօրվա հանդիպմանը կներկայացվեն ընդհանուր տեսակետներ, ինչպես նաեւ կհամադրվեն կողմերի դիրքորոշումները ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդրահարույց հարցերի շուրջ:

Նշվել է, որ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի ու միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2022թ. մարտի 11-ին` Երևանում:

Ի թիվս այլ օրակարգային հարցերի, հեռավար քննարկման մասնակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ ԽՎ առաջիկա 21-րդ ձմեռային նստաշրջանի խնդիրներին և մտքեր փոխանակել արդիական հարցերի շուրջ: Նրանք խոսել են մի շարք մոդելային օրենքների մշակման ու ընդունման անհրաժեշտության մասին: