Լրահոս
Կրթություն և գիտություն
15:17
04.12.20
88

Երբ ԿԳՄՍՆ-ն տեղյակ չէ ԱՆ պաշտոնական տվյալներից

Img default alt hy

ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարությունը օրերս հայտարարեց դեկտեմբերի 7-ից հանրակրթական դպրոցների 5-7 դասարանների աշակերտների համար ուսումնական գործընթացի վերսկսման մասին: Սա այն դեպքում, երբ Հայաստանում կորոնավիրուսի վարակման օրական դեպքերի թիվը շարունակում է հատել է 1000-ի սահմանը: Այսօր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք:

168.am-ը ԿԳՄՍ նորանշանակ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմնավորմամբ է նախարարությունը նման որոշում կայացրել, եթե կորոնավիրուսային վարակման թվերի պատկերը շարունակում է մնալ ռիսկային, նա խոստացավ պատասխանել մեր գրավոր հարցմանը:

Հարցումն ուղարկված է, և պատասխանի դեպքում՝ այն կհրապարակենք:

Քանի որ ԿԳՄՍ շրջաբերականում նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ, մենք որոշեցինք նաև ծանոթանալ ԱՆ դիրքորոշման հետ:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մասնավորապես տեղեկացրեց, որ դպրոցների վերաբացման առաջարկը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարությունը, ապա հայտնեց նախարարության տեսակետը. «Մենք այն կարծիքին ենք, որ դպրոցի վերաբացման գործընթացն այս  մասշտաբով կարող է առաջացնել որոշակի ռիսկեր, որպեսզի դեպքերն աճեն»:

ԱՆ մամուլի խոսնակը միաժամանակ հավելեց, որ վերջնական որոշում կայացնողը ԿԳՄՍ նախարարությունն է:

Փաստորեն, Առողջապահության նախարարությունը գործընթացը համարում է ռիսկային, իսկ Կրթության, գիտության, մշակույթի  և սպորտի նախարարությունը,  այդուհանդերձ, տարածում է գործընթացի կազմակերպման շրջաբերական:

Իսկ թե ո՞ր նախարարությանը հետևի քաղաքացին, ու այս իրավիճակում ինչպե՞ս առաջնորդվի ծնողը՝ անորոշ է: