Լրահոս
Քաղաքական
18:01
02.12.20
71

Եռակողմ հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին

Img default alt hy

Հետևողականորեն կյանքի է կոչվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը, նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:

«Բոլորին քաջ հայտնի է, որ անհրաժեշտ եղան Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանխվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հասնելու կրակի ամբողջական դադարեցման ու սկսելու կայունացման գործընթացը: Միաժամանակ մենք հետևել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով հասած անկյունաքարային պայմանավորվածություններին: Այժմ եռակողմ հայտարարությունը` Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի, հետևողականորեն կյանքի է կոչվում: Հակամարտության գծով և Լաչինի միջանցքում տեղակայված են ռուս խաղաղապահները»,- շեշտել է Պուտինը:

ՌԴ նախագահը միաժամանակ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տուժած անձանց համակարգված օգնություն ցույց տալը:

«Կարևոր է օգնություն ցույց տալ` լուծելու հումանիտար խնդիրները, որոնք կապված են փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերանորոգման, մշակութային և կրոնական կոթողների պաշտպանության հետ: Ռուսական կողմը, Երևանի և Բաքվի հետ համագործակցելով, արդեն զբաղվում է այս բոլոր հարցերով»,- նշել է ՌԴ Վլադիմիր Պուտինը: