Լրահոս
Հասարակական
23:34
17.02.22
186

Եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից, բայց ոչ հոգևորականը և պետական կառավարումը․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Հոգևոր անձի առաջադրումը նախագահի պաշտոնում Սահմանադրության տեսակետից որևէ խնդրի չի կարող հանգեցնել, քանի որ այստեղ հոգևորականը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ոչ որպես եկեղեցի։

Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառանով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ նախագահի պաշտոնի համար լավագույն թեկնածուն կարող է լինել Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը։

Պատգամավորը հիշեցրեց, որ նախագահ դառնալու համար Սահմանդրությունը պահանջում է լինել 40 տարին լրացած, անկուսակցական Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը կառաջնորդվի համապետական շահերով։ Հոգևորականի առաջադրման համար Սահմանադրությունը որևէ արգելք չի սահմանում։

«Այդպիսի տեսակետներ հնչեցին, թե Խղճի, ազատության և կրոնական կազմակերպությունների օրենքում ասվում է, որ եկեղեցին չի կատարում որևէ պետական ֆունկցիա և արգելվում է, որ եկեղեցին մասնակցի պետական կառավարմանը, քանի որ եկեղեցին և պետական կառավարումն անջատ են միմյանցից։  Այստեղ փորձ է արվում նույնացնել մեծ հեղինակություն ունեցող հոգևորականին եկեղեցու հետ, ինչ աբսուրդ է, որովհետև մենք այստեղ խոսում ենք անձի մասին, ոչ թե այն մասին, որ պետական կառավարումն իր վրա է  վերցնում եկեղեցին»,- ասաց Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ նույնիսկ եթե մարդկանց մոտ նախագահի պաշտոնին առաջադրված հոգևորականը և եկեղեցին կարող են ասոցացվել, որևէ վատ հետևանք չի լինի՝ հաշվի առնելով եկեղեցու անգնահատելի դերը հայոց պատմության ընթացքում։

«Սրբազանն ունի արդեն իսկ այնպիսի հեղինակություն և կարողություն, որը կարող է միավորել իշխանությունների կողմից բաժանված սևերի և սպիտակների բաժանված հասարակությունը ։ Ասոցացումը եկեղեցու հետ նույնը չէ, ինչ ասոցացումը ՀԱԿ-ի հետ, որի անդամակցությունն էլ նախագահի թեկնածու առաջադրվելուց հետո՝ մի քանի օրվա ընթացքում, դադարեցվում է»։

Վարդևանյանը միջազգային փորձում օրինակ բերեց Կիպրոսին և Նորվեգիային՝ ընդգծելով, որ այս երկրներում հոգևորականները զբաղեցրել են բարձր պետական պաշտոններ։

Այսօր՝ փետրվարի 17-ին, իր ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, որ նախագահի թեկնածուի առաջադրման համար լավագույն տարբերակը Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից մեկը կարող է լինել, քանի որ նա կլինի անաչառ,  և կվայելի համընդհանուր հարգանք։

«Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են և առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։