Լրահոս
Հասարակական
18:45
05.12.24
211

Դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է

Img default alt hy

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հիշեցնում են՝ դեկտեմբերի 5-ը Կամավորների միջազգային օրն է:

2023 թ․ ընդունվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որով սահմանվեցին կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սկզբունքները, սուբյեկտները, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկություններ:

Այսպիսով՝ «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ կամավորների համար ամրագրվել են՝

• կամավորության իրավական հիմք (կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր),
• կամավորի կարգավիճակ,
• իրավունքների դատական պաշտպանություն և այդ մասով պետական տուրքերից ազատում, կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
• կամավոր աշխատանքից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման իրավունք,
• առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
• ապահովագրության հնարավորություն,
• աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն։

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքով սահմանված կամավոր ներգրավելու իրավասություն ունեցող կազմակերպությունների համար նախատեսվել են՝

• իրենց աշխատողներից բացի նաև կամավորների աշխատանքը օգտագործելու իրավունք,
• ծախսերի հատուցման մասով որոշակի հարկային արտոնությունների սահմանում (միայն գործուղման ծախսերի նվազագույն չափերի մասով, որոնք հստակ սահմանված են ՀՀ օրենսդրությամբ),
• արտակարգ իրավիճակներում մեծաթիվ անձանց (կամավորների) արագ ներգրավելու հնարավորություն,
• վեճերի դատական կարգով լուծում և այդ մասով պետական տուրքերից ազատում։