Լրահոս
Հայաստան
13:09
18.01.22
119

Դատախազության հայտարարությունից ստացվում է, որ Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան

Img default alt hy

«Աշոտ Մինասյանն այս հայտարարության արդյունքում դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է, որ այն նույն հոդվածով, որով մեղադրվում է Աշոտ Մինասյանը, չեն էլ կալանավորվում, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է»,- ասաց Արամ Վարդևանյանը։

Նրա կարծիքով՝ օրերի հարց է Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելը։

Գլխավոր դատախազությունն արձագանքել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրմանը, որը վերաբերում էր Աշոտ Մինասյանի կալանավորմանը։

«Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։

Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ 

Կամ՝ ամբողջ Հանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։