Լրահոս
Աշխարհ
09:50
11.02.23
82

Դամասկոսը մարդասիրական օգնություն կհասցնի կառավարության կողմից չվերահսկվող շրջաններ

Img default alt hy

Սիրիայի կառավարության նիստի ժամանակ որոշում է կայացվել մարդասիրական օգնություն հասցնել երկրաշարժից տուժած բոլոր շրջաններին, այդ թվում՝ Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներին: Այս մասին ուրբաթ՝ փետրվարի 10-ին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է SANA գործակալությունը։

Նշվում է նաև, որ կառավարության նիստում որոշվել է ստեղծել տուժած տարածքների վերականգնման համար ազգային հիմնադրամ՝ «տուժածներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու, բոլոր նվիրատվությունների և աջակցության նախաձեռնությունները ամեն կերպ դյուրացնելու նպատակով։

Վերջին տվյալներով՝ Սիրիայում տեղի ունեցած աղետի հետևանքով զոհվել է 1347 մարդ։ Տուժածների թիվը 2295 է։ Թուրքիայում մահացել է ավելի քան 19 հազար մարդ։

Սիրիայի տեղական ինքնակառավարման և շրջակա միջավայրի նախարար Հուսեյն Մախլուֆը երախտագիտություն է հայտնել Սիրիային օգնություն ցուցաբերած պետություններին։ Միաժամանակ պաշտոնական Դամասկոսը մատնանշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները խոչընդոտում են Սիրիային մարդասիրական օգնության տրամադրմանը և կոչ է արել անհապաղ վերացնել դրանք։ ՄԱԿ-ը նաև նշել է, որ ոչ մի պատժամիջոցներ չպետք է խոչընդոտեն մարդասիրական գործունեությանը։