Լրահոս
Հայաստան
19:12
20.01.22
626

Չարչյանի ախտորոշումը հաստատվել է. իրավունք չունեին նրան կալանքի տակ պահել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ ստացվել է Չարչյանի գործով միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը: Դրանով, ըստ փաստաբանի, Արմեն Չարչյանի մոտ հաստատված ախտորոշումը համապատասխանում է որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքին:

«Վերը նշվածով ևս մեկ անգամ փաստվեց, որ Արմեն Չարչյանին 2021 թվականի հունիսի 23-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 10-ը կալանքի տակ պահելը եղել է ապօրինի»,- գրում է նրա փաստաբանը:

Դեկտեմբերի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել Չարչյանին։ Դատավոր Վահե Միսակյանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։

Օրերս Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ: