Լրահոս
Հայաստան
15:00
21.12.20
61

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը․ ՀՀ ՄԻՊ

Img default alt hy

Բացարձակ անթույլատրելի են մի խումբ անձանց կոչերն ու տեղեկությունները, որոնք վերաբերում են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումը վկայում է, որ նույն վտանգավոր երևույթը մի քանի անգամ է, ինչ արձանագրվում է նաև՝ կապված Մարտունու Սուրբ Աստվածամայր և Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների հոգևոր հովվի հետ:

Նման ահազանգեր արձանագրել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Այս երևույթը պարունակում է համակարգային վտանգներ, պետք է անհապաղ կանխել դրա որևէ տեսակի դրսևորում: Դա նախևառաջ վտանգավոր է հասարակությունում հանդուրժողականության ու համերաշխության տեսանկյունից։

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին բացառիկ առաքելություն է ունեցել և շարունակում է նույն առաքելությունն ունենալ հայ ժողովրդի կյանքում և ազգային ինքնության պահպանման գործում: Մշտապես մեծ է եղել Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերը մարդու իրավունքների պաշտպանության, երկրում համերաշխության մթնոլորտի հաստատման հարցերում:

Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:

Քիչ առաջ խոսել եմ ՀՀ ոստիկանության պետի հետ, ով լիարժեք հավաստիացրեց, որ Ոստիկանությունը հրատապության կարգով կձեռնարկի անհրաժեշտ քայլեր՝ կանխելու համար լարվածություն կամ բռնություն ու, առհասարակ, Ոստիկանության իրավասությանն առնչվող իրավունքից դուրս ցանկացած արարք:

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որից պարզ է դառնում, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները շարժվում դեպի եկեղեցի, որպեսզի, իրենց խոսքով «հոգևոր հովվին դուրս շպրտեն եկեղեցուց»:

Մինչ այդ սյունեցիները փակել էին Երևան-Գորիս մայրուղին, Փաշինյանին  սակայն հաջողվել է մտնել Սիսիան և այցելել  քաղաքային պանթեոն, ինչպես նաև Սբ. Գրիգոր եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվը հրաժարվել է ձեռքը սեղմել Փաշինյանի ձեռքը: