Լրահոս
Հայաստան
22:23
16.02.22
292

ԱԺ քննիչ հանձնաժողովին ընդդիմության չմասնակցելու պատճառների մասին

Img default alt hy

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը 44-օրյա պատերազմի քննության համար ստեղծված քննիչ հանձնաժողովին չմասնակցելու վերաբերյալ բազմաթիվ քննարկումների, հարցերի պատճառ է դարձել:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։

«Չմասնակցելու պատճառները քիչ չեն և բազմիցս ներկայացվել են ընդդիմության ներկայացուցիչների կողմից:

Այնուամենայնիվ, փորձենք շեշտել դրանցից մեկը:

Պնդում 1.

Պառլամենտում քննվում են այն հարցերը, որոնք խնդիր են հետապնդում որոշում կայացնել քաղաքական պատասխանատվության հարթությունում: Նորից եմ շեշտում՝ քաղաքական հարցեր՝ քաղաքական պատասխանատվություն: ԱԺ քննիչ հանձնաժողովը չի ենթադրվում, որ պետք է ունենա ավելի հզոր մասնագիտական ներուժ քան ՊՆ, ԱԱԾ և այլ պետական կառույցները միասին վերցրած, դա ուղղակի կլիներ խելագարության կանխավարկած: ԱԺ հանձնաժողովի կողմից ոլորտի մի քանի փորձագետներ հրավիրելը նորից նպատակ ունի մասնագիտական օժանդակություն ապահովել նյութի յուրացման և վերլուծության կատարման համար, բայց կրկին՝ քաղաքական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով, այլ ոչ թե՝ դրանից մասնագիտական հարթակ կառուցելու:

Եզրահանգում

Հետևաբար՝ իրականում կատարողների մակարդակի վրա ռազմագիտության և քրեական իրավունքի տիրույթներում համապատասխանաբար համակարգային խնդիրների բացահայտմամբ և մեղավորների փնտրտուքով կարող են և պետք է գլխավորապես քննչական մարմինները և ոլորտի լիազոր մարմինները (ՊՆ, ԱԱԾ և այլն):

Պնդում 2.

Քաղաքական պատասխանատվության հարցեր կարելի քննարկել մեծամասնության հետ, երբ երկրիդ խորհրդարանում կա դույզն-ինչ կերպով արտահայտվող իշխանությունների բաժանման և հակակշռման նշաններ: Եթե, կա գուցե մի փոքր հավանականություն, որ բացասական եզրակացության պարագայում իշխանական մեծամասնությունը կկանչի կառավարությանը և նրա ղեկավարին ու կասի՝ ձեր իրերը հավաքելու համար ձեզ քանի՞ օր է անհրաժեշտ: հատկապես, երբ ամբողջ ընթացքը աշխատանանքների, ելնելով հարցի էությունից, գնալու է գաղտնի փորմատով և հանրությունը հնարավորություն չի ունենալու տեսնել և վերահսկել որևէ պրոցես: Իսկ ՀՀ-ում հիշեցնեմ բոլորիս, որ հենց իշխանական պատգամավորի ծննդաբերած գաղափարի պատճառով վերջիններիս ներկայում հանրության ստվար զանգվածը ճանաչում է «ուսապարկ» խորհրդանշական մակնշմամբ:

Եզրահանգում

Քննիչ հանձնաժողովի նպատակը տեսականորեն կարող է լինել կառավարության պատասխանատվության ենթարկելը կամ քաղաքական ղեկավարման օղակներում այլ խնդիրների հայտնաբերումը, որը հնարավոր չէ իրականացնել, երբ քո իշխանական պատգամավորները 3 տարվա ընթացքում գեթ մեկ բովանդակային և հաշվետվություն ակնկալող հարցադրում չեն կարողացել ձևակերպել և հնչեցնել կառավարության անդամներին և ուսապարկերից գլխավորին:

Ասեմ՝ այս պարագայում իշխանությունը նույնպես հետապնդում է քաղաքական պատասխանատվության հարց, ուղղակի փոքր ինչ այլ կոնտեքստում՝ ի սկզբանե «փրկել» գործադիրի գլխից բռնվածին պատերազմով բերված աղետների համար մի օր ժողովրդի առջև կանգնելուց և պատասխանատվություն կրելուց, ինչը, մեղմ ասած, հուսահատ և անպտուղ ձեռնարկություն է…»,- գրել է Հակոբյանը։