Լրահոս
Հայաստան
11:36
17.01.22
427

ԱԺ նախագահը 4 ամսվա ընթացքում 7 երկիր է մեկնել գործուղումների, դրա համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար. Արեգնազ Մանուկյան

Img default alt hy

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական պատգամավորների և ԱԺ աշխատակազմի որոշ անդամների հետ մեկնել է ԱՄՆ, իսկ ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նա պատվիրակության կազմում ներառել է նաև իր կնոջը և օգտվել ինքնաթիռի բիզնես դասի տոմսից, այսինքն՝ թանկ տարբերակից։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հետաքրքրվեց.

«Անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել նաև, թե որքա՞ն գումար է պետական բյուջեից, ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանից ծախսվել այդ այցի համար: Ի դեպ, ԱԺ նախագահ աշխատելուց ի վեր, 4 ամիսների ընթացքում, Ալեն Սիմոնյանը 7 երկիր է մեկնել գործուղումների, ինչի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 120 հազար դոլար, չհաշված՝ միկոնոսյան հայտնի շրջագայությունը»,- ասաց Արեգնազ Մանուկյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ արձագանքեց, թե զարմացած է ընդդիմադիր պատգամավորի հարցից.

«Դուք ԱԺ պատգամավոր եք և գիտեք, որ բոլոր ծախսերը, այդ թվում՝ գործուղումների, թափանցիկ են։Կարող եք ցանկացած պահի աշխատակազմից վերցնել ծախսերի բացվածքները և ձեր ոչ պաշտոնական տեղեկատուների և ձեր հետաքրքրությունը բավարարել, որևէ գաղտնի գործուղում չկա, հանրությունը նույնպես կարող է դրանց մասին ամբողջական տեղեկություն ստանալ»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Ընդդիմադիր պատգամավորն էլ կրկին պնդեց, թե ծախսերը թափանցիկ չեն, քանի որ, օրինակ, երբ հարցում է ուղարկել ԱԺ նախագահի կառավարական առանձնատան վերանորոգման ծախսերի վերաբերյալ, պատասխան է ստացել, թե այդ ծախսերը գաղտնի են, ասինքն՝ թափանցիկ չեն: