Լրահոս
Հայաստան
11:01
19.01.22
211

Այսօր Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցն է

Img default alt hy

Հունվարի 19-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան մահվան տարելիցը: 

Հրանտ Դինքի անկեղծ խոսքը, որի համար նրան այդպես էլ չհանդուրժեցին, արժանի է ավելի մեծ ուշադրության, քանի որ Դինքն ավելին էր, քան պարզապես «Ակօսի» խմբագիր» կամ «1.500 000 + 1»:

«Ոչ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ոչ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր՝ անգամ ապագայիս մեջ փոխադրելու»,- ասում էր Հրանտ Դինքը։

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։

Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ 

Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ 


Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։