Լրահոս
Հայաստան
13:09
10.02.22
258

ԱԽ քարտուղարն անդրադարձել է զորքերի հայելային ձևով հետքաշմանը

Img default alt hy

Հայաստանը երբեք դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցում նախապայմաններ առաջ չի քաշել, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, թե, «ի տարբերություն Ադրբեջանի», որը սահմանազատման ու սահմանագծման հարցում «նախապայմաններ առաջ չի քաշում», Հայաստանը հնչեցնում է նախապայմաններ։

Արմեն Գրիգորյանն ասել է, որ Հայաստանը պարզապես պահանջում է կյանքի կոչել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, հայտարարության մեջ նշված է անվտանգության բարձրացման շուրջ քայլեր ձեռնարկել, այնուհետև սկսել դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացը։ Հայաստանը ցանկանում է, որ այդ պայմանավորվածությունն իրագործվի»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարը նաև նշել է, որ հայկական ու ադրբեջանական զորքերը հայելային ձևով հետ չքաշելու դեպքում դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը կարող է սրել իրավիճակը։

«Երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա և սրացումներ լինեն։ Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցկացնել, և այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- ասել է Գրիգորյանը։