Լրահոս
Հայաստան
16:09
17.01.22
299

Առանց նախապայմանների սահմանների բացումը բխում է Հայաստանի շահերից. Արշակյան

Img default alt hy

Թուրքիայի հետ բանակցությունների համար Հայաստանի օրակարգը չի փոխվել, այն շարունակում է լինել առանց նախապայմանների սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը,  վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում:

«Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի սահմանները լարված են, և մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել թե պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում:

Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որ մենք հիմա առաջ ենք տանում և մեր ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ կարողանանք մեր սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի այլևս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, որպեսզի այլևս Հայաստանը պատերազմների մեջ չհայտնվի»,- ասաց Արշակյանը: 

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրված՝ նա ասաց՝ առանց նախապայմանների սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ․

«Մեր օրակարգը չի փոխվել: Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: 

Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ Թուրքիան առաջ չի քաշի նախապայմաններ՝ Արշակյանն ասաց, որ նման ռիսկ կա: Արշակյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի միջնորդությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, բանակցությունները, ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես դրական է արձագանքում․

«Հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք սահմաններ բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը լուծել: Եվ դա բխում է ՀՀ շահերից»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը: