Լրահոս
Աշխարհ
12:12
04.06.22
135

ԱՄՆ-ում կապիկի ծաղիկով վարակման 20 դեպք է հայտնաբերվել

Img default alt hy

Կապիկի ծաղիկ վիրուսով մարդու վարակման գրեթե 800 դեպք է գրանցվել 28 երկրում, այդ թվում` 20 դեպք  ԱՄՆ-ում, հետևում է CDC բժշկական կարգավորիչի տվյալներից:

CDC-ն իր կայքում տեղադրել է ինտերակտիվ քարտեզ, որը, հիմնվելով պաշտոնական բաց աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, ցույց է տալիս հիվանդության տարածումն ամբողջ աշխարհում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 28 երկրում գրանցվել է վարակման 790 դեպք։ Առաջատարների թվում են Մեծ Բրիտանիան, որտեղ հիվանդացել է 207 մարդ, Իսպանիան և Պորտուգալիան ՝ համապատասխանաբար 156 և 138 հիվանդով:

Հիշեցնենք, որ հիվանդությունը նախկինում արձանագրվում էր Աֆրիկյան երկրներ այցելելուց հետո՝ կենդանիների հետ շփման արդյունքում: Հիվանդության հարուցիչ վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Վարակումը կենդանիներից տեղի է ունենում կենդանիների (վարակված) արյան, կենսաբանական հեղուկների, ինչպես նաև վնասված մաշկի կամ լորձաթաղանթի հետ անմիջական շփման արդյունքում:

Ներկայումս արձանագրվում է վարակի փոխանցումը մարդուց մարդ: Փոխանցումը հնարավոր է շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ երկարատև սերտ շփման արդյունքում։ Հնարավոր է նաև վարակի փոխանցումն օգտագործված սրբիչի և անկողնային պարագաների միջոցով:
Այսպիսով՝ վարակվելու ռիսկը բարձր է այն անձանց շրջանում, որոնք ֆիզիկական սերտ շփում ունեն կապիկի ծաղիկի ախտանշաններ ունեցող անձանց կամ վարակված կենդանու հետ: Մարդիկ, որոնք պատվաստվել են բնական ծաղիկի դեմ, ունեն որոշակի պաշտպանվածություն նաև կապիկի ծաղիկից:

Հիվանդությունը կարող է ավելի ծանր ընթանալ նորածինների, երեխաների և իմուն համակարգի խնդիրներ ունեցող անձանց շրջանում:

Բուժաշխատողները նույնպես ավելի բարձր ռիսկի են ենթարկվում վիրուսների ավելի երկար ազդեցության պատճառով: