Լրահոս
Քաղաքական
15:03
09.02.23
75

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Img default alt hy

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 9-ին ընդունել է ՀՀ-ում Պորտուգալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մադալենա Ֆիշերին: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները զգալի վերընթաց կապրեն:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև հարաբերություններն աչքի չեն ընկնում ակտիվությամբ՝ անհրաժեշտ համարելով տարբեր ձևաչափերով բազմակողմ համագործակցության ծավալումը:

Միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շրջանակում կարևորվել է բարեկամության խմբերի դերը: ՀՀ ԱԺ նախագահը գնահատել է այն փաստը, որ վերջերս Պորտուգալիայի խորհրդարանում ևս ձևավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ: Կողմերը խոսել են բազմաբևեռ համագործակցության հնարավորություններից՝ շեշտելով առողջապահության, կրթության, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի, զբոսաշրջության, հասարակական և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցության ակտիվացումը:

«Տիկի՛ն դեսպան, Հայաստանն այսօր հանդես է գալիս տարածաշրջանում երկարամյա խաղաղության հաստատման օրակարգով: Սակայն հարկ եմ համարում փաստել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վարած քաղաքականությունը վտանգում է տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված մեր ջանքերը: Հենց այս պահին Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է գտնվել անմարդկային շրջափակման մեջ՝ Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի արգելափակման պատճառով»,- նշել է ԱԺ նախագահը: Նա հավելել է, որ միջազգային գործընկերներին կոչ է արվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում ծավալվող ծանր իրավիճակը կանխելու համար՝ ներառյալ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: