Լրահոս
Քաղաքական
17:37
11.10.22
171

Ադրբեջանից ակնկալում են ռազմական գործողություններ Իրանի դեմ, հետագայում՝ նաև Ռուսաստանի․ Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի պարտատերերին՝ իր հաղթանակի համար․ քաղաքագետ

Img default alt hy

«Ամեն ինչը, սկսած քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում, ունի գին»,- կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«1994-ի հաղթանակի համար մենք գին ենք վճարել, գնի մեջ մտնում է նաև հետագա շրջափակումը երկու հարևանների կողմից, մութ ու ցուրտ տարիները, էլ չեմ խոսում զոհերի, վիրավորների ու տեղահանվածների մասին: Գնի մեջ են մտնում նաև աշխարհաքաղաքական պարտավորությունները:

2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում ՝ աշխարհաքաղաքական:

Ո՞րն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ․ ո՞վ է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները:

Առաջին հայացքից՝ այդ երկրներն են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, Պակիստանը: Լավ մտածելու դեպքում շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ օգնության համար ի՞նչ գին է վճարել Ադրբեջանն ու իր վրա ի՞նչ պարտավորություններ է վերցրել: Դրա համար պետք է հասկանալ, թե վերոնշյալ երկրներն Ադրբեջանից ինչ ակնկալիքներ ունեն: Այստեղ նույնպես, առաջին հայացքից, կարծես թե պատասխանը կարելի է կռահել:

Ադրբեջանից ակնկալվում են ռազմական գործողություններ Իրանի դեմ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում՝ նաև գործողություններ Ռուսաստանի դեմ, բայց դա՝ հետագայում: 

Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը, նաև Հայաստանի տարածքով զորք ու զինամթերք կարողանա փոխադրել իր տարածք, երբ դրա ժամանակը գա: 

Սա է Ադրբեջանի գինը, որը նա պետք է վճարի իր պարտատերերին՝ իր հաղթանակի համար: 

Իսկ մենք ինչի՞ համար ենք շարունակում գին վճարել Ադրբեջանի հաղթանակի համար ու հրաժարվում մեր ամեն ինչից, սկսած դեմքից ու ինքնությունից: Այ, այս հարցի պատասխանն, ի տարբերություն Ադրբեջանի, հնարավոր չէ գտնել»,- գրել է Ստեփան Դանիելյանը: