Լրահոս
Հայաստան
15:38
18.01.22
2 453

Ադրբեջանցիներին թույլ են տվել տարին մեկ անգամ այցելել Արցախի օկուպացված տարածքներ

Img default alt hy

Ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևին և նշում, որ ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով՝ 10-40-մանաթով, իսկ մի շարք քաղաքացիներին՝ պատերազմի մասնակիցներին, մահացածների հարազատներին տոմսերը կտրամադրվեն անվճար:

«Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն»,- հայտարարել է Ռզաևը։

Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։ Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեկնող ավտոբուսների վարորդները նախապես ականային անվտանգության դասընթաց են անցել, դրա մասին էլ կխոսեն տրանսպորտային միջոցների սրահներում, կիրազեկեն նաև ադրբեջանցիներին, եթե վերջիններս ցանկանան երթևեկել Արցախ։

Ըստ նույն աղբյուրի՝ հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։