Լրահոս
Հասարակական
21:44
17.02.22
1 622

469 մլն 741.000 դրամ՝ Աննա Հակոբյանի զարմուհու ղեկավարած ՊՈԱԿ-ին՝ կառավարական դաչաների սպասարկման համար

Img default alt hy

Թավշյա իրադարձություններից հետո «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի անունը մեկ անգամ չէ, որ հիշել են լրատվամիջոցները. նախ ՊՎԾ-ն էր խախտումներ արձանագրել ՊՈԱԿ-ի 2019 թվականի աշխատանքներում, ապա հայտնի էր դարձել, որ Կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների վերաբերյալ գործը կարճվել է.

«Պետական վերահսկողության ծառայության բացահայտումները ՀՀ քննչական կոմիտեն ջրել է», գրում է «ArmDay.am»-ը։

Ըստ պաշտոնական ժամանակագրության՝ նոր իշխանությունները ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում սկզբում նշանակել էին Հակոբ Սիմիդյանին («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար), ապա՝ Արեգ Սավգուլյանին, որին հաջորդել էր «Հայկական ժամանակ» օրաթերթում և armtimes.com էլեկտրոնային կայքում՝ որպես հաշվապահ աշխատած Արուս Մանավազյանի նշանակումը:

Արուս Մանավազյանն արդեն լրացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորական շարքերը, իսկ նրա տեղում, պարզվում է՝ ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնվել է Փաշինյանի հետ բարեկամական առնչություն ունեցող հերթական անձը՝ Աննա Հակոբյանի ազգականը:

Մի կողմ թողնենք իշխանափոխության առաջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի վստահեցումները, թե չեն պատրաստվում «մարդկանց աշխատանքի տեղավորելու միջնորդություններ անել», թե «խնամի-ծանոթ-բարեկամը» նոր Հայաստանում այլևս տեղ չունի, քանի որ հենց այդ օրերից լրատվամիջոցներն ավետում էին Փաշինյան-Հակոբյան ընտանիքի հետ առնչություն ունեցող այս կամ այն նոր պաշտոնյայի մասին:

Հենց այսպես օրերս տեղեկացանք նաև, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները կատարում է Անժելիկա Շապովալովան՝ պատգամավոր Էդգար Հակոբյանի կինը, Աննա Հակոբյանի զարմուհին. ինչպես ասում են՝ ջեքփոթ:

Բայց սա էլ դեռ ամենը չէ. մեկ շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմը 469 մլն 741 հազար դրամ դրամաշնորհ է հատկացրել «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին:

Դրամաշնորհի մասին փետրվարի 11-ին կնքված պայմանագրում նշված է, որ աշխատակազմը պարտավորվում է «ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների և տարածքների շահագործում և սպասարկում» միջոցառման իրականացման նպատակով ՊՈԱԿ-ին հատկացնել որոշմամբ նախատեսված տարեկան կտրվածքով  469 միլիոն 823․500 դրամ գումար (ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը), իսկ արդեն փետրվարի 14-ին կնքված համաձայնագրով արձանագրվում՝ «կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են պայմանագրի գինը նվազեցնել 82.000 դրամով, սահմանել 469 միլիոն 741.500 դրամ»: Դրամաշնորհը տրվել է 1 տարվա գործունեության համար։

Թե կոնկրետ ի՞նչ պետք է անի Անժելիկա Շապովալովայի ղեկավարած ՊՈԱԿ-ը 469 միլիոն 741․500 դրամով, ներկայացնենք՝ ըստ պայմանագրի.

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների սպասարկում, Կոնդի առանձնատների տնտեսության տարածքի և օժանդակ կառույցների՝ իրեն ամրացված շենքերի, շինությունների, հողատարածքի, քոթեջի ընթացիկ պահպանում, սպասարկում և շահագործում, ինչպես նաև՝ կազմակերպության գործունեության կազմակերպում:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների կահավորման, տեխնիկական վերազինման, ինչպես նաև՝ կազմակերպության կարիքների համար հիմնական միջոցներով ապահովման կազմակերպում՝ ըստ անհրաժեշտության»:

Իսկ որպես իրականացվող միջոցառումների ակնկալվող արդյունք՝ նշվում է «բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգումը, բարելավումը և խնամքը»:

Արդյո՞ք առկա անվտանգային մարտահրավերների ու արտաքին պարտքի ավելացող բեռի պայմաններում առաջնահերթություն է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների տարածքների բարեկարգումը, բարելավումը և խնամքը՝ հարցի պատասխանն ակներև է: