Լրահոս
Հասարակական
19:56
09.02.22
118

Ընդդիմադիրներից ներողություն չեն խնդրել՝ անհիմն քրգործով պատճառած զրկանքների համար

Img default alt hy

2020 թվականի նոյեմբերի 11-ի հանրահավաքից հետո, որը ընդդիմությունը հրավիրել էր պատերազմում պարտություն կրած իշխանությունների հրաժարականի պահանջով, մի խումբ քաղաքական գործիչներ ձերբակալվեցին և քրեական գործ հարուցվեց՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու և անցկացնելու փաստի առթիվ` ՀՀ Քր. օր. 225.1 հոդվածի 1-ին մասով և 307.1 հոդվածի 1-ին մասով»։

Ձերբակալվել էին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Այսօր տեղեկություն տարախվեց, որ այս անձանց հրավիրել են Քննչական կոմիտե և տեղեկացրել, որ գործը կարճվել է։ Նրանց են վերադարձրել հեռախոսները, անձնագրերը, որոնք մեկ տարուց ավելի պահվում էին քննիչների մոտ։

«Հրապարակը» զրուցել է վերոնշյալ քաղաքական գործիչների հետ` հասկանալու, թե գործն ինչ հիմքով է կարճվել և վերջապես փոխհատուցում լինելո՞ւ է, կամ գոնե ներողություն խնդրե՞լ են իրենցից։

Ընդդիմադիր առաջնորդները մեկ տարվա ընթացքում՝ այս քրեական գործի պատճառով բազմաթիվ զրկանքներ են կրել՝ զրկված են եղել Հայաստանից դուրս գալու հնարավորությունից, հեռախոսներն են առգրավված եղել, հրավիրել են հարցաքննությունների․․․ նյարդային լարում, առողջական խնդիրներ, ժամանակի վատնում՝ այս բոլոր վնասների փոխհատուցումն ինչպե՞ս է կատարվելու:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախ հաստատել է գործը կարճվելու լուրը, ապա ընդգծել, որ որևէ փոխհատուցման մասին խոսք անգամ չի գնացել, անգամ ներողություն չեն խնդրել իրենցից: Մանուկյանն ասել է` գործը կարճվել է հավանաբար փաստերի բացակայության պատճառով:

«Հայտնի է, որ քրեական գործ հարուցվեց, քաղաքական գործիչներ կալանավորվեցին, այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունն ամեն կերպ պահեն»,- նշել է պատգամավորը:

Իշխան Սաղաթելյանն էլ ասել է, որ դեռևս իրեն չեն հրավիրել  բաժին, սակայն կարճման մասին արդեն իսկ տեղյակ է:

«Մինչև այս պահը դեռ ինձ ոչինչ չեն ասել: Մեկ ամիս առաջ արտերկրում հանդիպում ունեի, սակայն այդ գործի պատճառով մերժեցին երկրից դուրս գալը»,- նշել է Սաղաթելյանը:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն էլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ հիմա վատառողջ է, կարճված գործի հիմքերին դեռևս ծանոթ չէ, սակայն ենթադրվում էր, որ այս գործը պետք է կարճվի, քանի որ չկար որևէ հիմք:

«Հրապարակը» կապվել է նաև գործը քննող քննիչի՝ Մարտիրոսյանի հետ, ով հրաժարվել է հարցերին պատասխանել։