Լրահոս
Հայաստան
14:39
31.01.22
171

Վահագն Խաչատուրյանը Փաշինյանից առաջարկ չի ստացել

Img default alt hy

Քանի դեռ ՀՀ գործող նախագահ Արմեն Սարգսյանի լիազորությունները դադարեցված չեն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը չի ցանկանում մեկնաբանել այդ պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին լուրերը։ Նա այդ մասին ասել է այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում։

«Այդ խոսակցությունը պետք է տեղ ունենա վաղը, գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է գնալ, հետ վերցնել»,- ասել է նա։

Խաչատուրյանը չի հերքել իր թեկնածության քննարկումը` նշելով, որ ինքը համապատասխանում է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրվելու սահմանադրական չափանիշներին ու նաև իշխող քաղաքական թիմի անդամ է։

Հարցին, թե նման առաջարկ ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, նախարարը պատասխանել է.

«Այդ խոսակցությունը դեռևս չի եղել»։

Երեկ հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Վահագն Խաչատուրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը: 1992-1996 թվականներին Վահագն Խաչատուրյանը եղել է Երևանի քաղաքապետ, իսկ 1996- 1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թթ. նա զբաղեցրել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը: 2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:

2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ: 2019-2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ: 2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատուրյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին: