Լրահոս
Հայաստան
07:55
11.01.22
89

Վ. Հարությունյանի նշանակման փաստը ՀՀ ԱԳՆ-ում ծաղրուծանակի առարկա է դարձել

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, օրերս վերջապես կատարվեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի երազանքը, և նա նշանակվեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել էր, որ Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել, ինչը փաստացի նշանակում է մերժում:

«Փաստ»-ի աղբյուրները պնդում են, որ ռուսական կողմը կտրուկ դեմ է եղել այս նշանակմանը, և, ինչպես տեղեկացրել էին, այս հարցում Վլադիմիր Պուտինին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր դիմել և խնդրել հաստատել Հարությունյանի թեկնածությունը։ Այս ամենի հետ կապված թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Մասնավորապես, ԱԳՆ-ի աղբյուրի փոխանցմամբ, նախարարությունում Վաղարշակ Հարությունյանի նշանակումը ոչ միանշանակ է ընդունվել. այդ նշանակմանը դեմ է եղել նույնիսկ նախարար Արարատ Միրզոյանը։ 

Մյուս աղբյուրը փոխանցում է, որ Հարությունյանի թեկնածության առաջադրման, առավել ևս՝ նշանակման փաստը նախարարությունում ծաղրուծանակի առարկա է դարձել, մեծամասնությունը հեգնանքով ու տարակուսանքով է վերաբերվել այս հանգամանքին։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում դիվանագիտական կորպուսում փոփոխությունները կշարունակվեն. մեզ փոխանցեցին, որ իշխանությունները մտադիր են էապես փոխել դեսպանների կազմը: Ի դեպ՝ առաջիկայում հավանական նշանակվողների ցանկում, մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական ուշագրավ դեմքեր կան»: