Լրահոս
Աշխարհ
10:15
13.04.23
116

Տղամարդ շախմատիստը կին է ձևացել կանանց մրցաշարին մասնակցելու համար

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Քենիայում տղամարդ շախմատիստը կանանց մրցաշարին մասնակցելու համար կին է ձևացել։

Նրա անունը չի հրապարակվում։ Նայրոբիում անցկացվող Kenya Open-ի կանանց մրցաշարին նա գրանցվել է Միլիսենտա Ավոր անունով: Նա կասկած է առաջացրել, երբ հաղթել է երկրի նախկին չեմպիոն Գլորիա Ջումբային և Ուգանդայի առաջատար շախմատիստուհի Ամպիրա Շակիրային։

Ինչպես նշում է Chess.com-ը, իր ինքնությունը թաքցնելու համար տղամարդն ամեն օր կրել է դեմքը ծածկող ավանդական կանացի գլխաշոր՝ աչքերի համար նեղ բացվածքով։

Պարտիաների ավարտից հետո նա ոչ մեկի հետ չի խոսել։ Բացի դրանից, մրցաշարին գրանցվելիս ոչ մի բառ չի ասել և ընդամենը թղթի վրա գրել է իր անունը։

Սակայն մրցաշարի ընթացքում խաղացողներն ու դատավորները նկատել են, որ նա տարօրինակ քայլվածք ուներ և կրում է տղամարդու կոշիկներ:

Արդյունքում խաբեբայից պահանջվել է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Շախմատիստը, որը, պարզվել է, համալսարանի ուսանող է, խոստովանել է, որ խաբել է և ասել, որ դա արել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 42 հազար դոլար։ Կանանց մրցաշարում գլխավոր մրցանակը կազմել է 3815 դոլար:

Արդյունքում նա որակազրկվել է մրցաշարից, հիմա նրան սպասվում է կարգապահական տույժ: Նրա վաստակած միավորները չեղյալ են համարվել և շնորհվել մրցակիցներին։