Լրահոս
Հասարակական
12:46
20.07.26
469

Անհետ կորածների ծնողները պատրաստվում են գնալ Հակարի կամուրջ․ նրանք ժամանակ են տվել իշխանություններին

Img default alt hy

Անհետ կորածների հարազատները կրկին կառավարության դիմաց են։ 

Մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս օրվա իշխանությանը, հետո կգնանք դեպի Հակարի կամուրջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր՝ Արսեն Ղուկասյանը։

«Մեծահոգաբար 1 շաբաթ ժամանակ ենք տալիս այսօրվա իշխանությանը, որպեսզի մեր երեխաների մասին որևէ ինֆորմացիա տան։ Եթե որևէ տեղեկություն չլինի, ապա գործի կդնենք մեր խողովակները։ Ադրբեջանում էլ կան մարդիկ, որ նույն մեր կարգավիճակում են, մենք կփորձենք իրենց հետ փոխադարձ աշխատանքի համար խողովակներ գտնել։

Մեր ուժերով կհետաքրքրվենք իրենց անհետ կորածների ճակատագրերով, իրենք էլ` այնտեղ։ Այդ երեխաների ճակատագրերն անվերջ անորոշ չեն կարող լինել։

Այն անձինք, որոնք գիտեն 1990-ականներից սկսած ադրբեջանցիների թաղված տեղեր, թող մեզ հետ կապ հաստատեն, որպեսզի ընդհանուր բազան ունենանք»,– նշեց Արսեն Ղուկասյանը։

Նա հավելեց, որ պահանջի չկատարման դեպքում հարազատները ավտոերթով կհասնեն Տեղ գյուղ, որտեղից էլ քայլերթով կշարժվեն դեպի Հակարիի կամուրջ՝ անկախ այն հանգամանքից, որ մասնակիցներից շատերն առողջական խնդիրներ ունեն։