Լրահոս
Հասարակական
12:50
26.05.22
128

Թե վախկոտ չես, դուրս արի. Քաղաքացիները՝ ԲԴԽ դիմաց

Img default alt hy

Բարձրագույն դատական խորհրդի դիմաց բողոք իրականացնող զոհված զինծառայողների հարազատներին ԲԴԽ-ից  առաջարկել են հինգ հոգով բարձրանալ վերև։

44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանն ասել է փոխանցեն, որ չեն  համաձայնվում բարձրանալ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի մոտ։

«Հաղորդեք, որ ինքը պետք է իջնի։ Գլխավոր դատախազն իջավ, իր չիներն այդքան բա՞րձր են, որ չի իջնի»,- ասել է Կարին Տոնոյանը։

Վերջինիս կարծիքով՝ երես չունեն, որ ողջ հանրապետությունը տեսնի, թե ինչպես են  պատասխանում ծնողներին։

«Եթե համարձակություն ունենային, կիջնեին։ Կարծում եմ՝ իրենց համար պետք է պատիվ լիներ իջնեն ու մեզ հետ հանդիպեն, նախ և առաջ մենք ենք վճարում իրենց աշխատավարձերը մեր հարկերից, նաև այստեղ հավաքված ծնողները տվել են իրենց զավակներին, որպեսզի իրենք այսպես թանկ-թանկ սենյակներում նստեն ու շատ վատ կառավարեն, կեղծեն, ողջ դատական համակարգը ուզուրպացնեն։ Ինչ ունեն մեզանից վախենալու։ Եթե վախենալու բան չունեն, պետք է իջնեն։

Համարում եմ՝ վախկոտության դրսևորում է կամ չափազանց մեծ հպարտության։ Իրենց  վարչապետն ասում էր՝ հպարտ քաղաքացիներ, իրենք էլ այս չորս տարում հպարտությունը երևի բազմապատկել են»,- ասել է նա։

Նա նաև նշել է, որ եթե չիջնի Գագիկ Ջհանգիրյանը, իրենք կփորձեն մտել։

«Թե վախկոտ չես, դուրս արի» բղավում են ԲԴԽ դիմաց հավաքված զոհված զինծառայողների հարազատներն ու քաղաքացիները։