Լրահոս
Հասարակական
11:49
22.04.22
238

Սրանով ՊՊԾ տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն. ԱԱԾ նախկին փոխտնօրեն

Img default alt hy

Միանշանակ է, որ օրենքի փոփոխությամբ Պետական պահպանության ծառայության կարգավիճակը բարձրացվում է: Այս մասին «NEWS.am»-ի հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը՝ անդրադառնալով նրան, որ իշխանությունը որոշել է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարել, որով ԱԱԾ-ի  ենթակայությամբ գործող ՊՊԾ-ն  փոխանցվում է վարչապետի ենթակայության տակ:

Հարցին, թե այս փոփոխությունն ինչպե՞ս է գնահատում, արդյոք դա նշանակում է, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի հանդեպ վստահության պակաս ունի և ի վերջո, այս փոփոխությամբ ի՞նչ խնդիր է փորձում լուծել իշխանությունը, Եպիսկոպոսյանը պատասխանել է.

«Թե քայլն ինչով ու ինչքանով կազդի Պետական պաշտպանության ծառայության աշխատանքի արդյունավետության վրա, ցույց կտա ժամանակը:

Միակ բանը, որ հաստատապես կարելի է ասել, հետևյալն է` կառույցի տնօրենի նշանակման հարցում վարչապետը ձեռք է բերում կատարյալ ինքնուրույնություն:

Ձեր այն հարցը, թե փոփոխությունն արդյոք չի նշանակում, որ երկրի վարչապետը ԱԱԾ-ի նկատմամբ վստահության պակաս ունի, անձնական ընկալման  ոլորտից է, իմ գնահատման շրջանակներից դուրս:

Ինձ, օրինակ, առավել անհանգստացնող է ներկայանում հարցը, թե երկրի բյուջեին ինչ կարժենա նման կառույցի ստեղծումը և արդյոք այն լինելու է արդարացված: Ի վերջո մենք մեր աչքի առաջ ունենք Հակակոռուպցիոն կոմիտեի վերափոխված ՀՔԾ-ի օրինակը, որի համար կազմվեց առանձին բյուջե, հատկացվեցին զգալի ֆինսական ու նյութատեխնիկական միջոցներ և այլն, մինչդեռ ժամանակն անցնում է, սակայն մինչև օրս արդյունք չկա»: