Լրահոս
Միջազգային
16:45
24.04.23
183

Սուդանում տիրող իրավիճակի պատճառով Բայդենը պատրաստ է լրացուցիչ ուժեր ուղարկել տարածաշրջան

Img default alt hy

Ամերիկացի զինծառայողները կմնան Ջիբութիում՝ Սուդանում ստեղծված իրադրության պատճառով ապահովելու ԱՄՆ պետական ծառայողների անվտանգությունը: Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են ուղարկվել տարածաշրջան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի`ապրիլի 23-ին Կոնգրեսի երկու պալատների ղեկավարներին հասցեագրված նամակում:

«Իմ հրամանով ԱՄՆ զինված ուժերն իրականացրել են Սուդանի Խարթում քաղաքից ամերիկյան (դիվանագիտական) անձնակազմի և այլ անձանց տարհանման գործողություն՝ ի պատասխան Սուդանի անվտանգության ոլորտում իրադրության վատթարացման: Այդ գործողության իրականացման և օժանդակման համար ԱՄՆ զինծառայողները համապատասխան մարտական տեխնիկայով ուղարկվել են Ջիբութի, Եթովպիա և Սուդան: ԱՄՆ զինված ուժերը կմնան Ջիբութիում՝ պաշտպանելու Միացյալ Նահանգների (դիվանագիտական) անձնակազմին և այլ անձանց այնքան ժամանակ, մինչև անվտանգային իրավիճակն այլևս չպահանջի նրանց ներկայությունը, իսկ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ուժերը պատրաստ են տեղակայվել տարածաշրջանում», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նախագահը պետք է Կոնգրեսին իրազեկի նման դեպքերում զինված ուժերի օգտագործման մասին։ Ինչպես պարզաբանել է Բայդենը, տարհանման որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «երկրի ներսում  և արտերկրում Միացյալ Նահանգների քաղաքացիների անվտանգության ապահովման համար իր պատասխանատվությունը», ինչպես նաև ելնելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերից և հաշվի առնելով գլխավոր հրամանատարի և գործադիր իշխանության ղեկավարի սահմանադրական լիազորությունները։

Իր հերթին, ապրիլի 23-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հայտարարել էր, որ Քենիա է ուղարկվել փորձագետների խումբ՝ համակարգելու մարդասիրական օգնության առաքումը Սուդանում տիրող իրադրության կապակցությամբ։ Նա հավելել է, որ իր գերատեսչությունն աշխատում է ԱՄՆ-ի գործընկերների հետ՝ որոշելու համար առաջնահերթ կարիքները և լուծելու մարդասիրական բեռի առաքման հարցերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Սուդանում մեկ շաբաթից ավելի շարունակվող բախումների պատճառով ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և մի շարք այլ երկրներ տարհանել են իրենց դիվանագետներին և քաղաքացիներին: