Լրահոս
Հայաստան
14:56
10.01.22
4 892

Սիրելի՛ զորակոչիկներ, գնացե՛ք և ձեր ներկայությամբ ուժեղացրեք մեր բանակը․ Բերդ համայնքում զորակոչ է

«Մեր բանակը վիրավոր է, բայց  ո՛չ ծնկած». ձմեռային զորակոչը շարունակվում է։

Այսօր՝ հունվարի 10-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական  ծառայության: 

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ուժային կառույցների ղեկավարներ: 

«Սիրելի՛ զորակոչիկներ,  անփորձանք ծառայություն եմ ձեզ մաղթում:Սպասելու ենք ձեր վերադարձին  և նույն վայրում, նույն կազմով գրկաբաց դիմավորելու ենք ձեզ»,- իր ելույթում նշել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը: 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը, դիմելով զորակոչիկներին, ասել է.

«Այսօր միայն բարեմաղթանքի խոսքեր եմ ուզում հնչեցնել, քանի որ խորհուրդներ ձեր ծնողներից  և ուսուցիչներից ստացել եք: Մաղթանքս է, որ պատվով կատարեք ձեր ծառայողական պարտականությունները և առողջ ու անփորձանք վերադառնաք ձեր օջախները»: 

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը ևս անփորձանք ծառայություն է մաղթել զորակոչիկներին: Ապա դիմելով ծնողներին՝ նշել է.
 
«Զորակոչիկների հարգելի՛ ծնողներ, ուզում եմ  շնորհակալություն հայտնել ձեզ, որ առյուծ զավակներ եք դաստիարակել և ուղարկում եք նրանց՝ հայրենիքը հզորացնելու: Խաղաղ ծառայություն եմ մաղթում ձեր որդիներին»: 

Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը նույնպես իր բարեմաղթանքներն է հղել զորակոչիկներին, ապա  Տերունական աղոթքով և օրհնությամբ ճանապարհել նրանց ազգային բանակ. 

«Այսօր մեր բանակը վիրավոր է,  խոցված է, բայց ծնկած չէ, պարտված չէ։ Այսօր էլ մեր բանակը կատարում է իր խնդիրը և ավելի, քան երբևէ բոլորիս հոգատարության կարիքն ունի: Բոլորիս սրբազան պարտքն է սատար կանգնել մեր բանակին և օգնել, որ հնարավորինս շուտ կարողանա մեջքը շտկել: 

Սիրելի՛ զորակոչիկներ, խնդրանքս մեկն է. գնացե՛ք և ձեր ներկայությամբ ուժեղացրեք մեր բանակը»: