Լրահոս
Տնտեսական
18:00
04.01.23
112

Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել

Img default alt hy

Սևանա լճի մակարդակը  2023 թվականի հունվարի 4-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 28 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նիշին զիջելով 14 սանտիմետրով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, Արփա-Սևան թունելային ջրատարով այս տարվա առաջին երեք օրերի ընթացքում, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սևանա լիճ է տեղափոխվել 172 հազար խորանարդ մետր ջուր։ Սևան թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

«Սևան ազգային պարկ»-ի գիտական բաժնի վարիչ Արայիկ Հունանյանի կարծիքով՝  Սևանա լճի մակարդակի նման նվազումը հիմնականում կապվում է եղանակային անսովոր պայմանների՝ չորության և տաք ջերմաստիճանի հետ։

«Անցած տարում  ոռոգման նպատակներով Սևանա լճից նախատեսվածից ավել ջրառ չի կատարվել, սակայն ողջ տարվա ընթացքում գրանցվել է տեղումների նվազ քանակություն, տևական երաշտ, ինչը նպաստել է լճում գոլորշացման ծավալների ավելացմանը, գետերի հոսքի նվազեցմանը։ Հիմա էլ չոր եղանակները շարունակվում են, գետնին և լեռներում բացակայում է ձնածածկույթը, և այս գործոնների հետևանքով լճի մակարդակի նվազման գործընթացը շարունակվում է»,- ներկայացրեց Արայիկ Հունանյանը։