Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:15
12.04.23
189

Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար․ Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ հերթական հարձակմանը։ 

Զախարովան հայտարարել է, որ Տեղ գյուղում տեղի ունեցածը վերահաստատում է փոխադարձ զսպվածության և եռակողմ պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը: Իրավիճակն ապաէսկալացնելու համար միջոցներ են ձեռնարկել ՌԴ Զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Մարիա Զախարովան այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Ապրիլի 11-ին Տեղ գյուղի մոտ շփման գծում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ցավոք, ըստ առկա տեղեկությունների, կան զոհեր և վիրավորներ: Տարածքում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի և Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն անմիջապես կապ են հաստատել Հայաստանի և Ադրբեջանի պատասխանատու անձանց հետ և միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման համար», - ասել է Զախարովան։

Դիվանագետն ընդգծել է եռակողմ պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Բաքվի և Երևանի կողմից փոխադարձ զսպվածության և Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ համալիր պայմանավորվածությունների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը», - ընդգծել է դիվանագետը։