Լրահոս
Միջազգային
15:00
20.02.22
408

Ռուս-ամերիկյան փակուղի․ Մոսկվան ու Վաշինգտոնը չեն կարողացել պայմանավորվել դիվանագիտական հարթությունում

Img default alt hy

Անվտանգության հարցում Ռուսաստանի դիրքորոշումը, որն ուրվագծվել է Վաշինգտոնին ուղղված Մոսկվայի պատասխանում, հակասում է ԱՄՆ-ի հիմնարար սկզբունքներին, ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով, Մոսկվան այնպիսի դիրքորոշում է որդեգրել, «որը սկզբունքորեն հակասում է այն հիմնարար սկզբունքներին, որոնք մենք ինքներս ենք որոշել»։ Նա ընդգծել է, որ եթե Ռուսաստանը շարունակի պնդել իր պահանջները և ցանկանա «ՆԱՏՕ-ին ուղարկել 1997 թվականի դիրքերին», ապա Վաշինգտոնն ու Մոսկվան պայմանավորվելու ոչինչ չեն ունենա։

«Եթե խոսքը գնում է վստահության ամրապնդման, ռիսկի նվազեցման, սպառազինությունների վերահսկման մասնակցության, փոխադարձ հիմունքներով սպառազինությունների համակարգերի, զինված ուժերի կամ զորավարժությունների տեղակայման ստուգմանը, ապա մենք կարող ենք քայլեր ձեռնարկել հավաքական անվտանգության ամրապնդման համար», - ասել է Բլինկենը:

Հիշեցնենք, հինգշաբթի օրը ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Մոսկվայի պատասխանները ԱՄՆ-ին՝ անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ռուսական նախագծի վերաբերյալ։

Դրանցում ասվում է, որ, ըստ ռուսական կողմի, ԱՄՆ-ն կառուցողական պատասխան չի տվել Ռուսաստանի դեկտեմբերյան առաջարկներին։ Դեկտեմբերին Ռուսաստանի ներկայացրած պայմանագրի նախագծում հիմնական կետը ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի և Ուկրաինայի դաշինքի անդամակցության մերժումն էր, ինչպես նաև հետխորհրդային տարածքում ռազմաբազաներ տեղակայելուց հրաժարումը։ Դրանից հետո Վաշինգտոնը պատրաստել է սեփական պատասխանը, որին հաջորդել է ռուսական նոր հուշագիրը։

Այդ հուշագրով Ռուսաստանը նախազգուշացրել է, որ «Ամերիկյան կողմի պատրաստակամության բացակայության՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցներ կողմից մեր անվտանգության ապահովման ամուր, իրավաբանորեն պարտավորեցնող երաշխիքների մասով» Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել՝ այդ թվում «իրականացնելով ռազմատեխնիկական բնույթի միջոցառումներ»։ Դրանից բացի, Մոսկվան զգուշացրել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կստեղծի իրական ռազմական հակամարտության վտանգ Ռուսաստանի և դաշինքի միջև, եթե Կիևը փորձի ուժով վերադարձնել կորցրած տարածքները։

Նշենք, որ տևական ժամանակ է, ինչ խիստ լարված է իրավիճակը Ուկրաինայում, և Արևմտյան պետություններն անընդմեջ հայտարարում են Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման մեծ հավանականության մասին։