Լրահոս
Հայաստան
14:47
22.02.22
357

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դիմել ՍԴ և գործի վարույթը կասեցնել

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

«Հարգե՛լի դատարան,  ինձ համար  այդ ձևակերպումներն անհասկանալի էին  հենց մեղադրանքն առաջադրելու պահին․ երբ քննիչին ասացի՝ այս կամ այն կետն ի՞նչ է նշանակում, այս բառն ու նախադասությունը, լիազորության շրջանակի մասին, քննիչն ասաց, որ ինքը պարտավորություն չունի ինձ պարզաբանելու, և նշեց, որ  եթե ես համաձայն չեմ, ուղղակի գրեմ, որ համաձայն չեմ։ Այս ամբողջ ընթացքում, բազմաթիվ հրապարակային ելույթներում նաև, ասել եմ՝ չեմ հասկանում, թե  ինձ ինչի մեջ են մեղադրում․ դա գաղտնիք չէր։ Ինչո՞ւ եմ սրա մասին ասում․ որովհետև  Դուք ինչ-որ ակնարկ արեցիք մի անգամ, որ ժամանակին պետք է Ձեզ պարզաբանած լինեին։  Փաստաբաններին միշտ ասում էի՝  ինձ բացատրեք՝ ինչի՞ մեջ են ինձ մեղադրում , որովհետև նկարագրված չէ որևէ գործողություն, թե՝  ինչ եմ արել։ Եվ իմ փաստաբաններն ասում են, որ իրենք էլ չեն հասկանում․․․»,-  դատարանում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ դիմելով Աննա Դանիբեկյանին։

«Հիմա իմ վիճակը․ փաստաբանները չեն հասկանում  և չհասկանալով պետք է ինձ պաշտպանեն։  Քննիչը համարել է, որ ինքն այդ պարտականությունը չունի․ երբ Դուք հարցը տվել եք ինձ ՝ «հասկանալի՞ է, թե՞ չէ», եթե Դուք  պարզաբանելու պարտականությունը չունեք, ինչի՞ եք ինձ այդ հարցը տալիս․ կամ այս դահլիճում եթե որևէ մեկը պարտականություն չունի ինձ պարզաբանելու, ինչի՞ եք այդ հարցը տալիս։ Ենթադրում եմ՝ օրենքի պահանջ է, ուրեմն կա այդ օրենքի բաց։ Եթե հարցը տալիս եք, ենթադրվում է , որ պատասխան պետք է լինի, բայց պատասխան չկա»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում ևս պաշտպանվող կողմը պահանջել է հստակեցնել, թե ինչի մեջ են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, չստանալով պատասխան, Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքել են դատարանի դահլիճը՝ որպես բողոքի նշան։

Այսօրվա նիստում արդեն Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան և կասեցնել գործի վարույթը մինչև ՍԴ որոշումը։  

Ալումյանի պնդմամբ, միջնորդության առարկան օրենսդրական բացն է․ Քրեական Դատավարությունը գործը քննող դատարանին հնարավորություն չի տալիս պարզաբանելու ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն այն դեպքերում, երբ այդ մեղադրանքը շարադրված է ոչ պարզ ձևով և միաժամանակ նման պարտավորություն չի դնում մեղադրողի վրա։ Պաշտպանը պնդեց, որ այն, որ դատարանը օրենքով հնարավորություն չունի պարզաբանելու մեղադրանքը, հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ևս միացել են միջնորդությանը։

Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն առարկեց՝ համարելով միջնորդությունը ոչ հիմնավորված։ Ըստ նրա՝ մեղադրանքի էությունը պետք է դատարանը պարզաբանի: