Լրահոս
Հասարակական
11:36
21.02.22
7 091

ՔՊ-ն կողմ արտահայտվեց Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն. Անդրանիկ Թևանյան

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Ազգային ժողովում այսօր իշխանությունը «խայտառակ ու ամոթալի» որոշում է կայացրել։

«Որ ասեմ շատ անսպասելի էր, սուտ կլինի, բայց որ այսքան բացահայտ ու այսքան ակնհայտ ողջունվի իշխող խմբակցության կողմից թուրքամետ քաղաքականությունը, նույնիսկ ես չէի սպասում, որ իրենց շատ լավ գիտեմ ուղնուծուծով»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թևանյանը։

Նա նշել է, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը, փաստացի, կողմ է արտահայտվել «Շուշիի հռչակագրին»։

«Կողմ արտահայտվեցին Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն, կողմ արտահայտվեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելուն, կողմ արտահայտվեցին «Զանգեզուրի միջանցքին», կողմ արտահայտվեցին թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմաններին. սա բերելու է նոր ողբերգության, մեր քաղաքացիները պետք է իմանան, որ 1915 թվականի կրկնությունը նախապատրաստվում է հիմա ՀՀ իշխանությունների կողմից»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունը համագործակցաբար Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Հայաստանը տանում է նոր կապիտուլացիայի։

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել «Հայաստան» խմբակցության առաջարկած նախագծին։

Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի: