Լրահոս
Հասարակական
10:42
21.02.22
894

ՔՊ-ն դեմ է, որ ԱԺ-ն հայտարարություն տարածի Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ

Img default alt hy

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության առաջարկը՝ հայտարարություն տարածել Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրի» կապակցությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարեց, թե ՔՊ-ական պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծի առաջարկին։

Նա նշեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է այս խնդրին հրապարակային հայտարարությունների ու մեկնաբանությունների տեսքով։

«Ազգային ժողովն ու արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն։ ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները», - ասաց Արսենյանը։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։

Պատգամավորը ներկայացրել է ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել են շրջանառության մեջ և առաջարկում են խորհրդարանին ընդունել այն։

Ազգային ժողովն այս օրակարգով փետրվարի 23-ին արտահերթ նիստ կհրավիրի: