Լրահոս
Իրավական
15:04
19.04.22
275

Քոչարյանի ու Գևորգյանի գործով դատական նիստ. դատախազն առաջարկել է սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին

Img default alt hy

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, անցավ ապացույցների հետազոտման կարգի սահմանմանը՝ առանց քննարկելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունները։

Դեռևս նախորդ դատական նիստին Դանիբեկյանը տեղեկացրել է, որ դատարանն ստացել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի միջնորդությունը երկրից ժամանակավորապես բացակայելու վերաբերյալ։ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը նշել է, որ դատարանն անընդհատ հետաձգում է այս միջնորդության քննարկումը և խնդրել է դա անել հիմա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն, իր հերթին, հիշեցրել է Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության մասին։ Նախագահող դատավորը խոստացել է այսօրվա նիստին քննարկել այդ միջնորդությունները և պնդել, որ անցնում է ապացույցների հեռազոտման կարգը սահմանելուն։

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առաջարկել է սահմանել ապացույցների հեռազոտման հետևյալ կարգը․ նախ՝ հետազոտել քրգործում առկա փաստաթղթերը, այնուհետև` իրեղեն ապացույց ճանաչված հանգամանքները, դրանից հետո անցնել վկաների հարցաքննությանը և ամփոփել ապացույցների հետազոտումը ամբաստանյալների հարցաքննությամբ։

Դատախազն առաջարկել է սկզբից հարցաքննել Սիլվա Համբարձումյանին, Վարդան Օսկանյանին, Լևոն Սուլթանյանին, Անահիտ Իսրայելյանին, Կարմեն Սահակյանին, Անդրանիկ Գևորգյանին։ Նաև դատախազությունը պատրաստվում է միջնորդել միջոցներ ձեռնարկել հետախուզման մեջ գտնվող Սամվել Մայրապետյանին հարցաքննելու համար։

Արամ Օրբելյանը խնդրել է պարզաբանել՝ ինչ դատավարական գործընթացով է դատարանը հրաժարվում ապացույցներից։

«Քրեական գործի մեջ կա ավելի քան 100 հատոր նյութ, որի մեծ մասն ապացույցներ են, կա դատակոչի մեծ ցուցակ, իսկ դատախազն, ըստ էության, հրաժարվում է այդ ապացույցներից»,- ասել է պաշտպանը։

Ըստ նրա՝ ցուցակի մեջ պետք է նաև ավելացնել դատավարական փաստաթղթերի ուսումնասիրելը։ Օրբելյանը նաև առաջարկել է Սիլվա Համբարձումյանին հարցաքննել ամենավերջում, ընդ որում՝ նույն օրը միաժամանակ ուսումնասիրել իր գրավոր ցուցմունքները։