Լրահոս
Քաղաքական
23:00
16.01.23
221

Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը. «Hetq.am»

Img default alt hy

Hetq.am-ը գրում է.

«2022թ․ դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովն ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը, համաձայն որի՝ ստեղծվեց ներքին գործերի նախարարություն (ՆԳՆ), որի կազմում են ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։

Նորաստեղծ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչները նոր մարդիկ չեն և մշտապես բարձր պաշտոններ են զբաղեցրել ուժային կառույցներում կամ այլ գերատեսչություններում, և որպես բարձրաստիճան պաշտոնյաներ ներկայացրել են գույքի և եկամուտների հայտարարագիր։ Այսօր կներկայացնենք, թե ինչ է հայտարարագրել Փրկարար ծառայության նորանշանակ տնօրեն Կամո Ցուցուլյանը, որը մինչև այդ զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։

Վարչապետի 2023թ․ հունվարի 9-ի որոշմամբ՝ Կամո Ցուցուլյանը նշանակվեց Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ։

Որպես ոստիկանապետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ներկայացրել է գույքի և եկամուտների հայտարարագիր, ամենավերջինը՝ 2021թ․ տարեկան հայտարարագիրն է։

Իջևանցի Կամո Ցուցուլյանը հայտարարագել է 6 միավոր անշարժ գույք Տավուշի մարզում․

համատեղ սեփականության իրավունքով բնակարան Իջևան համայնքում, որը նա որպես ժառանգություն ստացել է 2013 թվականին,

բնակելի տուն՝ Աչաջուր գյուղում, որը կրկին որպես ժառանգություն՝ ստացել է 2014 թվականին,

2 հողամաս, մեկը՝ Իջևանում, մյուսը՝ Գանձաքար գյուղում, որը Կամո Ցուցուլյանը գնել է համապատասխանաբար 2014 և 2019 թվականներին։ Իջևանի հողամասը 2021-ի տարեվերջում այլևս առկա չի եղել, Ցուցուլյանը այն նվիրաբերել է իր կնոջը։

հասարակական նշանակության շինություն՝ Գանձաքար գյուղում՝ գնված 2019 թվականին։

հասարակական նշանակության շինություն՝ Իջևանում, որը որպես ժառանգություն ստացել է 2017 թվականին։

Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը 2021 թվականին հայտարարգրել է 14 միլիոն դրամ և 27 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումար, ինչպես նաև 8,4 միլիոն դրամ աշխատավարձ։

Կամո Ցուցուլյանը տրանսպորտային միջոցներ, արժեթղթեր, բանկային ավանդներ և չորս միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք չի հայտարարգրել։

Կամո Ցուցուլյանի կինը՝ Աշխեն Մարգարյանը, հայտարարագրել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝  ձեռք բերված 2021 թվականին, հողամաս, որը նվիրատվություն է ստացել ամուսնուց, 2 միլիոն դրամ կանխիկ գումար, ինչպես նաև 1 մլն 152 հազար դրամ աշխատավարձ՝ «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ից, որտեղ Աշխեն Մարգարյանը զբաղեցնում է տնօրենի պաշտոնը։

Ի դեպ, «Կենցաղսպասարկում» ՍՊԸ-ի 67 տոկոս բաժնեմասը պատկանում է Կամո Ցուցուլյանին։ Հարկ է նշել, որ Փրկարար ծառայության նորանշանակ տնօրենը թաքցրել է և չի հայտարարագրել բիզնեսի իր բաժնեմասը։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ այդ ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի շուկայում»։