Լրահոս
Միջազգային
23:36
21.02.22
612

Շրջադարձային որոշում․ Պուտինը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը (ուղերձի տեսանյութը)

Img default alt hy

Քիչ առաջ ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձը, որով նա դիմեց Ռուսաստանի ժողովրդին։ Ի թիվս այլ օրակարգային հարցերի ու մարտահրավերների, Կրեմլի առաջնորդն անդրադարձավ նաև ԴԺՀ և ԼԺՀ շուրջ ստեղծված իրավիճակին։

Նա հայտարարեց, որ անհետաձգելի անհրաժեշտություն է համարում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչումը։ Պուտինն ընդգծեց, որ իրադրությունը Դոնբասում ծայրահեղ է՝ և խնդրեց ՌԴ Դաշնային Ժողովին նախապատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Կրեմլից հայտնել են, որ Պուտինն արդեն ստորագրել է համապատասխան հրամանագրերը, ինչպես նաև ԴԺՀ և ԼԺՀ-ի հետ համագործակցության համաձայնագրերը։ Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 21-ին հրավիրված ԱԽ նիստում Կրեմլի ղեկավարը հայտարարել էր, որ Դոնեցկի և Լուգանսկի հարցով որոշումներ կկայացնի այսօր։ Այդ ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները դիմել էին ՌԴ նախագահին՝ իրենց անկախության ճանաչման խնդրանքով։

Հայտնի է նաև, որ նախքան ժողովրդին դիմելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ։ ՌԴ նախագահն իր ֆրանսիացի ու գերմանացի գործընկերներին տեղեկացրել է, որ նախատեսում է առաջիկայում ստորագրել հրամանագիր Դոնբասի վերաբերյալ, որին ի պատասխան Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել։

Իր տեսաուղերձում Կրեմլի ղեկավարը լուրջ քննադատության է ենթարկել պաշտոնական Կիևին, Ուկրաինայի իշխանության բոլոր ճյուղերին՝ վերջիններիս մեղադրելով կոռուպցիայի, ազգայնականության, ՌԴ-ի դեմ պատերազմ հրահրելու համար։ Նախագահի խոսքով, Ուկրաինայի իշխանությունները, մեծ հաշվով, մսխել են ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև ռուսական կայսրության ժառանգությունը։ «Կիևը Վլադիմիր Լենինի անվամբ է, հենց նա է Կիևի հեղինակն ու ճարտարապետը»,- շեշտել է Պուտինը։

Նա նաև թվարկել է այն բազմաթիվ ու բազմաշերտ խնդիրները, որոնց առերսեվում է ուկրաինացի ժողովուրդը՝ իր պետության ղեկավարների մեղքով։

Միաժամանակ, Պուտինը մեղադրել է Արևմուտքին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ներքին գործերին անհարկի և վտանգավոր միջամտության համար։